Մեր գործընկերների հետագա պաշտոնավարումը գուցե իրենց ցանկությամբ, գուցե վարչապետի որոշմամբ, այլևս նպատակահարմար չեն. Սուրեն Պապիկյան

Պապիկյանը չի կարծում, թե փոփոխություններն արագ են լինում

Անհանգստացնող չէ, դա բնականոն պրոցես է, վարչապետը նման որոշում է կայացրել, շուտով կլինեն հրամանագրերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը՝ խոսելով Ոստիկանապետի, ԱԱԾ պետի պաշտոնանկությունների մասին:

Հարցին, ինչով են պայմանավորված որոշումները, Պապիկյանը նշել է, որ պաշտոնանկությունները տարբեր են լինում. «Տվյալ փուլում մեր գործընկերների հետագա պաշտոնավարումը գուցե իրենց ցանկությամբ, գուցե վարչապետի որոշմամբ, այլևս նպատակահարմար չեն: Պատճառները տարբեր են լինում, ես հիմա ոչինչ նշել չեմ ուզում, վարչապետն առաջիկայում ասելիք կունենա, կխոսի մանրամասների մասին»:

Նախարարն ամեն դեպքում նշել է, որ գործողությունները միտված են այդ համակարգերն ավելի արդյունավետ դարձնելուն. «Այլ մանրամասներ, քան արդյունավետությունը բարձրացնելու ցանկությունն է, ես նշել չեմ կարող»:

Նա կոնկրետ դժգոհությունների մասին խոսել չցանկացավ:

Պապիկյանը չի կարծում, թե փոփոխություններն արագ են լինում. «Հիմա մենք խոսում ենք մի որոշման մասին, որի լիազորությունները պատկանում են վարչապետին: Ես խոսեցի այն մասին, ինչի մասին լիազորված եմ խոսել»: