Կսահմանվեն նոր հարկեր․ օրինակ «բեղ ու մորուքի», «գլխահարկի» կամ «շնչահարկի»․ Հայկ Ֆարմանյան

Երկրի հաջորդ իշխանությունները ստիպված են լինելու և պարտավոր են լինելու անհապաղ չեղարկել կամ արմատապես վերանայել այդ և այլ մի շարք օրենքներ, որոնք ոչ այլ ինչ են, քան ականներ երկրի տնտեսության ու կայուն սոցիալական համակարգի տակ
Հայկ Ֆարմանյան

ԽՈՐԱՑՈՂ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դեռ ամիսներ առաջ հանդես էի եկել հրապարակմամբ, գույքահարկի դրույքաչափերը բարձրացնելու՝ կառավարության մտադրության մասին։ Շեշտել էի՝ տնտեսության և հատկապես ներդրումային միջավայրի վրա դրա բացասական ազդեցության անխուսափելիությունը։

Սկզբում կառավարությունը փորձ էր արել քողարկել այդ մտադրությունը, անշարժ գույքի կադաստրային արժեքի՝ շուկայական գնահատման անհրաժեշտության՝ անորոշ ձևակերպմամբ։ Հիմա արդեն ամեն ինչ ակնհայտ է։ Պետք է նշել, որ շատ շատերը, այդ թվում հեղինակավոր անձինք, նույնպես իրենց դիրքորոշումն ու մտահոգությունն են հայտնել այս հարցի վերաբերյալ։

Այժմ նախատեսվում է ոչ միայն կտրուկ բարձրացնել գործող դրույքաչափերը, այլև ի տարբերություն նախկինում գործող կարգի, հարկումը դառնալու է համընդգրկուն՝ ներառելով նաև մինչև երեք միլիոն դրամ արժեքով անշարժ գույքը։ Ինչ էլ որ լինի, ամեն ինչ ավելի բարդ է լինելու, թեկուզև այն պատճառով, որ նույնիսկ համավարակային ճգնաժամը հաղթահարելուց հետո էլ ՀՀ-ում անշարժ գույքի շուկան խորը անկում է ունենալու դեռ երկար ժամանակ, իսկ դա պայմանավորված է հենց վարվող տնտեսական քաղաքականությամբ, արդեն իսկ ընդունված որոշ օրենքներով պայմանավորված՝ բացասական սպասումներով ու անորոշություններով։

Խոսքը նախ և առաջ բանկային գաղտնիքին և ապօրինի գույքի բռնագանձմանը վերաբերող օրենքների մասին է։ Եթե նույնիսկ հարցը դիտարկենք գույքահարկի մասին գործող օրենքը և հարկի դրույքաչափերը վերանայելու անհրաժեշտության ռացիոնալ տնտեսագիտական ու իրավական տեսակետից, ապա մի՞թե հիմա է դրա ժամանակը։ Նախ, ճգնաժամի և դրա հետևանքների վերացման անորոշ հեռանկարի պայմաններում հարկերը, այն էլ դրանք բազմապատիկ ավելացնելու, ամենևին էլ հարմար պահը չէ։ Երկրորդ․ անշարժ գույքի շուկան ամեն օր արձանագրում է անկում և գտնվում է դեպրեսիվ վիճակում։ Չեմ խոսում բնակչության՝ օրեցօր վատթարացող նյութական վիճակի մասին։

Գույքահարկի ավելացման, ինչպես նաև եկամուտների համատարած հայտարարագրման վերաբերյալ օրենքները հապճեպ կերպով ընդունելու՝ իշխանությունների սևեռուն ջանքերը վկայում են մեկ բանի մասին․ լիովին ձախողվել են տնտեսության զարգացման մասին իշխանությունների պատկերացումները․ ինչպես արտաքին՝ այնպես էլ ներքին ներդրումների բացակայության ֆոնին։ Իսկ արտակարգ դրությունը ամենահարմար պահն է այդպիսի խնդրահարույց օրինագծերն ընդունելու համար, երբ չկա հանրային քննարկում, չկա հանրային ընդվզում, չկա այդպիսի ընդվզման և բողոքի հնարավորություն։ Սա ոչ այլ ինչ է, քան դավադրություն ժողովրդի թիկունքում։

Տնտեսությունը զարգացնելու, հետևաբար պետբյուջեն համալրելու համար անհրաժեշտ են նախ և առաջ արհեստավարժ ունակություններ, գիտելիքներ ու ջանքեր, իսկ քանի որ դրանք չկան, հետևաբար բյուջեն համալրելու միակ պարզունակ լուծումը՝ գույքահարկը, քաղաքացիների և բիզնեսի ուսերին դրվող այլ հարկատեսակները ավելացնելն է, կամ էլ հնարավոր նոր հարկատեսակներ սահմանելը։ Ապա էլ ինչ միջոցների հաշվին պետք է կատարվեն ուռճացված պետական ապարատի չնվազող և չկրճատվող, նույնիսկ ավելացող պահպանման ծախսերը, վճարվեն պարգևավճարները, ավելացվեն բազմաթիվ օգնականների ու խորհրդականների նորանոր հաստիքները։

Տեղի ունեցող գործընթացները երկիրը աստիճանաբար կարող են տանել դեպի «ռազմական կոմունիզմի դիկտատուրա»։ Եվ հեռու չի լինի այն օրը, երբ կսահմանվեն նոր հարկեր․ օրինակ՝ «պարենային հարկ», «գլխահարկ» կամ «շնչահարկ»։ Իսկ որպեսզի պատկերը ավելի ամբողջական դառնա և սոցիալապես ավելի արդարացի լինի, իմ կողմից կարող եմ առաջարկել սահմանել նաև «բեղ ու մորուք» պահելու հարկ։

Համենայն դեպս այդպես կարծելու իրավունք ունենք, քանի դեռ մեզ հայտնի չէ տնտեսության զարգացման և պետական հարկային քաղաքականության առնվազն միջնաժամկետ հստակ ծրագիր։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա եթե իշխանություններին, ի թիվս արդեն ընդունված խնդրահարույց օրենքների, հաջողվի ընդունել նաև օրակարգում եղած օրինագծերը իրենց առկա տեսքով, ուրեմն երկրի հաջորդ իշխանությունները ստիպված են լինելու և պարտավոր են լինելու անհապաղ չեղարկել կամ արմատապես վերանայել այդ և այլ մի շարք օրենքներ, որոնք ոչ այլ ինչ են, քան ականներ երկրի տնտեսության ու կայուն սոցիալական համակարգի տակ։

Հայկ ՖԱՐՄԱՆՅԱՆ
«Մեկ Հայաստան» կուսակցության Քաղխորհրդի անդամ,
տ․գ․թ․,դոցենտ

1