Վարչապետը փաստացի դժգոհ է թե՛ Ավինյանից, թե՛ Թորոսյանից

«Փաստ»․ Ի՞նչ մեսիջներ է հղում վարչապետը հանրությանը
Նիկոլ Փաշինյան

«Մեկ միլիոն բնակչի հաշվով վարակվածների թվով Հայաստանը շարունակում է տարածաշրջանում մնալ բացարձակ առաջատար։ Եվ թվում է, թե ստեղծվել է մի իրավիճակ, երբ վարակի տարածումը անվերահսկելի բնույթ է ստացել։

Իշխանության ներկայացուցիչները նույնպես ընդունում են, որ անհնար է դարձել վերահսկել վարակի տարածումը, նույնիսկ հնչում է այն ենթադրությունը, թե այսօր Հայաստանում 18-20 հազարի չափով անսիմպտոմ չախտորոշված դեպքեր կան։

Իսկ այսպիսի իրավիճակում, երբ պարզ չէ, թե ովքեր են վարակակիրները, և դրա հետ մեկտեղ տեղեկություններ են շրջանառվում նաև թեստերի անբավարար քանակի մասին, իրավիճակի վերահսկողությունը թողնվում է ինքնահոսի։

Այլ խոսքով ասած՝ իշխանություններն արդեն համակերպվել են, որ վարակակիրների թիվը շարունակելու է աճել, և ամենացավալին այն է, որ աճելու է նաև մահերի թիվը այնքան ժամանակ, մինչև կորոնավիրուսի վարակը հասնի իր պիկին։ Սա ցույց տվեց նաև երեկվա օրը, երբ նոր հակառեկորդ գրանցեցինք՝ մեկ օրում 517 նոր վարակված, ընդամենը 25 առողջացած և... 19 մահ:

Եվ ամենահետաքրքրականն այն է, որ այսպիսի իրավիճակը համընկնում է մի այնպիսի իրադարձության հետ, երբ վարչապետն ու իր ընտանիքը ևս, ցավոք, վարակվում են կորոնավիրուսով։

Վարակվելու մասին Փաշինյանի հայտարարությունը միանշանակ չընդունվեց ֆեյսբուքյան օգտատերերի, հասարակական-քաղաքական շրջանակների կողմից, քանի որ նրանց մի մասը թերահավատորեն է մոտենում այդ ամենին:

Կասկածներն ավելի խորացան այն ժամանակ, երբ, չնայած վարակակիր լինելու հանգամանքին, պարետատան նիստից հետո Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույց տեղի ունեցավ:

Ու պատահական չէ, որ մեկնաբանություններ եղան, որ եթե Նիկոլ Փաշինյանը իրոք վարակված է, ապա ամբողջ պետական ապարատը կարող է վարակված լինել, ինչը կարող է շատ վտանգավոր իրավիճակ ստեղծել նաև պետության համար՝ պետական կառավարման տեսանկյունից։

Ինչևէ, սա առաջին դեպքը չէ, երբ որևէ պետության ղեկավար վարակվում է կորոնավիրուսով, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը, ՌԴ վարչապետը ևս վարակվեցին, սակայն նրանց պարագայում եթե հանրության հետ կապի անհրաժեշտություն էր առաջանում, ապա դա կատարվում էր հեռավար եղանակով։

Մարդիկ հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ Փաշինյանը, հայտարարելով ինքնամեկուսացման մասին, միևնույն ժամանակ բրիֆինգ է կազմակերպում փոխվարչապետի ու առողջապահության նախարարի մասնակցությամբ։

Ընդ որում, վերջիններս նույնիսկ ձեռնոցներով չեն: Երեկ էլ երկու այլ պատասխանատուների հետ էր բրիֆինգ կազմակերպել Փաշինյանը: Կարծիքներ են շրջանառվում, որ սրանով վարչապետը մի քանի քաղաքական մեսիջ է հղում հանրությանը:

Առաջինն այն է, որ ինքը նույնիսկ հիվանդության ժամանակ պատրաստ է ծառայել հանրությանը։ Այս հանգամանքը, ըստ տարբեր մեկնաբանությունների, ավելի շատ PR նպատակի է ծառայեցվում՝ ցույց տալու համար, որ իշխանություններն ամեն ջանք գործադրում են համավարակի դեմ պայքարում։

Ի դեպ, այս ասպեկտում արձանագրենք, որ վերջին 10 օրվա ընթացքում պարետատան նիստերից հետո ասուլիս տալիս է հենց վարչապետը՝ ամեն անգամ երկու պաշտոնյայի կցելով որպես «բեք-վոկալ»:

Այսպիսով, փաստացի ստացվում է, որ վարչապետն ամբողջ ընթացքը վերցրել է իր ձեռքը՝ նաև ցույց տալով, որ փաստացի դժգոհ է թե՛ Ավինյանից, թե՛ Թորոսյանից: 

Սա պարզ մեխանիզմ է. եթե ամեն ինչ գնալով վատանում է, այսպես թե այնպես, առաջին մեղավորը Փաշինյանն է լինելու: 

Իսկ եթե բախտներս բերի ու կարողանանք արագ հաղթահարել այս վիճակը, դափնիները միայն նրան կհասնեն, քանի որ ոչ ոք չկարողացավ գործ անել, մինչև վարչապետն իր բոլոր գործերը թողած՝ արդեն անմիջականորեն չվերցրեց իր ձեռքը նաև պարետատան գործունեությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ի այսօրվա համարում։

1