Դատախազությունը կբողոքարկի մինչև արտակարգ դրության ավարտը Քոչարյանի՝ ԲԿ-ում մնալու դատարանի որոշումը․ տեսանյութ

Առաջիկայում ամբողջական տեքստի հայկական տարբերակը կհրապարակվի, և յուրաքանչյուրի, նույնիսկ ոչ մասնագետների համար պատկերը պարզ կլինի: Առաջադրված 4 հարցերից 2-ին ՄԻԵԴ-ն ընդհանրապես չի պատասխանել՝ դիտարկելով դրանք որպես վերացական, տեսական բնույթի հարցեր

ԱԺ-ում 2019 թվականի դատախազության հաղորդման քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հիշեցրեց դատարանի որոշումը, որ մինչև արտակարգ դրության ավարտը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա Իզմիրլյան ԲԿ-ում, ապա հետաքրքրվեց՝ արդյոք առողջական խնդիրներ ունեցող այլ ամբաստանյալների նկատմամբ է՞լ է նման որոշում կայացվել, և եթե ոչ, ապա ինչով է պայմանավորված սելեկտիվ մոտեցումը:

Ի պատասխան՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ այս վարույթի կողմերը պաշտպանն ու քրեակատարողական ծառայությունն են։ «Օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պատճառով այս բնույթի վարույթներում դատարանները մեզ չեն ծանուցում։ Իմ համոզումն այն է, որ դատախազը այս մասով մասնակցություն պիտի ունենա, առնվազն պատիժների և հարկադրանքի օրինականության նկատմամբ հսկողության արդյունավետ իրացման շրջանակում։ Համապատասխան հայցի ապահովման միջոցը դեռևս պաշտոնապես չի առարկվել Դատախազության կողմից։ Հույս ունեմ, որ այսօր կստանանք համապատասխան դատական ակտը, կծանոթանանք դրա հիմնավորումներին և մեր գործընկերների հետ կքննարկենք հետագա անելիքները», - ասաց Դավթյանը։

Պատգամավորի հստակեցնող հարցին՝ արդյոք չի՞ բացառում, որ հնարավոր է՝ որոշումը բողոքարկվի, Դավթյանն ասաց․«Չեմ բացռում, իհարկե»:

Ապա պատգամավորը մայիսի 29-ին ՄԻԵԴ-ի կողմից Քոչարյանի գործի առնչությամբ Դավթյանի դիրքորոշումը հարցրեց, քանի որ Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ կարծիքը հօգուտ իրենց է:

Ըստ Արթուր Դավթյանի՝ ՄԻԵԴ որոշումը շատ հստակ է: «Առաջիկայում ամբողջական տեքստի հայկական տարբերակը կհրապարակվի, և յուրաքանչյուրի, նույնիսկ ոչ մասնագետների համար պատկերը պարզ կլինի: Առաջադրված 4 հարցերից 2-ին ՄԻԵԴ-ն ընդհանրապես չի պատասխանել՝ դիտարկելով դրանք որպես վերացական, տեսական բնույթի հարցեր, երկու հարցերի կապակցությամբ իրավական որոշակիության և օրենքի հետադարձ ուժի մասով, աքսիոմատիկ իրավաբանություն է ներկայացրել: Այսինքն՝ բազմաթիվ այլ նախադեպերում արտացոլված իր հստակ դիրքորոշումը, թե ինչ ընդհանուր կանոնների պետք է բավարարեն իրավական որոշակիությունը և հետադարձ ուժի կանոնները: Հստակ մատնանշել է, որ կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում չի տեսնում: ՄԻԵԴ որոշումը ակնհայտ վկայությունն է մեր՝ նախկինում հայտնած բազմաթիվ դիրքորոշումների, որ հարցերին պետք է անդրադառնա գործը քննող դատարանը, ոչ թե ՄԻԵԴ-ը կամ ՍԴ-ն»,- ասաց նա:

1