Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ը բավականին մեծ անալիզ է արել եւ արձանագրել մի քանի կարեւոր կետեր

Ընդհանուր առմամբ՝ համահունչ է մեր ներկայացրած դիրքորոշմանը․ Արամ Օրբելյան
Ռոբերտ Քոչարյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է խորհրդատվական կարծիք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածի վերաբերյալ, ինչպես նաև դրա կիրառմանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի լույսի ներքո՝ չկա պատիժ առանց օրենքի։

Ըստ էության՝ Եվրադատարանը չի պատասխանել  Սահմանադրական դատարանի չորս հարցերից երկուսին։ 

«Հրապարակ»-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելանը նշեց, որ մարդիկ չեն պատկերացնում 16-րդ արձանագրության գործընթացը․ «16-րդ արձանագրությունը փաստացի երկրորդ գործն է ՄԻԵԴ-ում։ Սա երկրորդ դեպքն է, երբ խորհրդատվական կարծիք է տալիս 16-րդ արձանագրության, եւ Հայաստանի համար առաջին դեպքն է։ Այլ միջազգային դատարաններ այս պրակտիկան մի քիչ ունեն, մի քիչ ոնց որ անսովոր է․․․

Ըստ պաշտպանի՝ ՄԻԵԴ-ը բավականին մեծ անալիզ է արել անդամ երկրներից եւ արձանագրել է մի քանի կարեւոր կետեր։ Բերել է իր պրակտիկան եւ տվել է որոշակի ստանդարտներ։ Ասել է, որ այդ հարցը առաջնահերթ պետք է լուծի պետության մեկնաբանության պրակտիկայի լույսի ներքո։ Ինքը չի տվել եւ չէր կարող տալ պատասխան, որովհետեւ իր գործառույթի մեջ չէր մտնում իր վրա վերցնել ՍԴ-ի ֆունկցիան։ ՍԴ-ն պետք է սրա հիման վրա գնահատի, բացի Սահմանադրական դատարանից, այս որոշումը կարող է նաեւ ազդեցություն ունենալ քրեական գործի շրջանակներում։

Ուզում եմ մի կետի վրա ուշադրություն հրավիրել՝ դրա պարտադիր կամ ոչ պարտադիր լինելու հանգամանքին։ Կա որոշակի շփոթություն, որ ինքը պարտադիր չի, ինքը պարտադիր չի այն պատճառով, որ ինքը դատական ակտ չի։  Սա իրավական վերլուծություն է, այնտեղ չկա, որ ինչ-որ մեկը ինչ-որ գործողություն պետք է անի։ Բայց այս մեկնաբանությունները պարտադիր են բոլորի համար»։

Արամ Օրբելյանը նաեւ նշեց, որ մոտավորապես այսպիսի դիրքորոշում էին ակնկալում ՄԻԵԴ-ից․

«Ընդհանուր առմամբ՝ համահունչ է մեր ներկայացրած դիրքորոշմանը»։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն անցյալ տարի դիմել էր Վենետիկի հանձնաժողով եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ակնկալելով 4 հարցի պատասխան ստանալ։ 

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 300.1՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածով, 2008-ին գործում էր 300-րդ հոդվածը՝ իշխանության յուրացում։ 

Քոչարյանի պաշտպանական թիմն ասում է, որ այս հոդվածով չի կարող իրենց պաշտպանյալը մեղադրվել, քանի որ այն 2008-ին գոյություն չի ունեցել։