Առաջին փուլում որոշ հողերի հանձնում․ ներկայումս բանակցությունների սեղանին փուլային կարգավորումն է դրված․ Ալիև

Մեր նպատակը, մեր գլխավոր նպատակը ամբողջովին մեր սուվերինիտետի ապահովումն է, որը մենք անելու ենք
Ալիև, Փաշինյան

Երեկ Իլհամ Ալիեւը բնակարաններ է հանձնել Ղարաբաղյան հակամարտության ժամանակ փախստական ադրբեջանցիներին եւ հանձնման արարողության ժամանակ խոսել Ղարաբաղյան կարգավորման մասին։

Ալիեւը մասնավորապես ասել է, որ թեեւ բանակցությունները ընթանում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված, սակայն աշխարհում առաջին պլան է դուրս գալիս ուժի գործոնը, եւ որոշ երկրներ, որոնք նույնիսկ մեծ դեմոկրատական ավանդույթներ ունեն, որոշ դեպքերում անտեսում են միջազգային իրավունքն ու պաշտպանում սեփական շահերը ուժի հաշվին։

Դրանով է բացատրել այն, որ իր գործունեության կարեւոր բաղադրիչ է դարձրել բանակաշինությունը։ Ալիեւը ասել է, որ իրենք հիմա հզոր բանակ են ստեղծել, որը կարող է ցանկացած հարց լուծել։

Իլհամ Ալիեւը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը համարել է պատմական։ Նա չի մոռացել շեշտել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի ամբողջապես։

Իլհամ Ալիեւը նաեւ նշել է, որ ներկայումս բանակցությունների սեղանին հակամարտության փուլային կարգավորումն է դրված։ «Թեեւ Հայաստանի ղեկավարությունը փորձում է դա հերքել իր պաշտոնական պոպուլիստական հայտարարություններում, սակայն ըստ էության փուլային կարգավորման հարցը քննարկվում է բանակցությունների ընթացքում։ Այստեղ նա երեսպաշտություն է անում, խաբում է իր ժողովրդին եւ փորձում խաբել նաեւ միջնորդներին։

Սակայն այլ որեւէ լուծում բացի փուլայինից չկա։ Ինչ է սա նշանակում։ Առաջին փուլում որոշ հողերի հանձնում։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Ես ասում եմ, որ դա կարող է լինել միայն փուլային տարբերակով։ Մեր նպատակը, մեր գլխավոր նպատակը ամբողջովին մեր սուվերինիտետի ապահովումն է, որը մենք անելու ենք»,- ասել է Ալիեւը, նշելով, որ պետք է նաեւ ճիշտ գնահատել աշխարհաքաղաքական վիճակը։