Գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ. Փաշինյանն իրավիճակը բավականին ծանր է գնահատում

Փաշինյանի խոսքերով, նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների ճիշտ կիրառումը կարող է բեկում մտցնել և զրոյացնել կորոնավիրուսի տարածման հաճախականությունը
Live24.am-ը ներկայացնում է

Մենք կարող ենք արձանագրել, որ կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ երկրում  հաստատված է բավականին ծանր իրավիճակ: Կարող ենք ասել, որ գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ: Այս մասին քիչ առաջ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին շրջանում մեր հիմնական քննարկման թեման այս իրավիճակի պատճառները հասկանալն ու քննելն է: Մենք արդեն մի քանի օր է քննում ենք, թե ինչքանով է պարետատան կողմից սահմանված կանոնները համապատասխանում իրավիճակին և ինչքանով դրանք կարող են լինել ունիվերսալ»:

Փաշինյանի խոսքերով, պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին, դրանք բովանդակային առումով արդյունավետ են, խնդիրը դրանց պահպանումն է, ինչի որակի մասով խնդիրներ կան:

Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց կանոնների պահպանման կաևորության մասին՝ նշելով, որ դրանք պահպանելու դեպքում համաճարակային իրավիճակը կձգտի զրոյի: Այդ կանոններն են դիմակ կրելը, պահպանել սոցիալական հեռավորությունը, ախտահանել ձեռքերը: Նա չմոռացավ նաև վարչական հարկադրանքի միջոցների մասին, որոնք կօգնեն պահպանել կանոնները:

Փաշինյանի խոսքերով, նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների ճիշտ կիրառումը կարող է բեկում մտցնել և զրոյացնել կորոնավիրուսի տարածման հաճախականությունը: