Ցոգոլը վրի իսկական ա, չէ՞․ Փաշինյան

Էս ծառը իմ այցի կապակցությամբ չի սարքվել, չէ՞, բացատրեք ոնց է, որ այս ծառի վրա բերք կա, չորս ծառ էն կողմ՝ չկա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արարատի մարզի Վերին Դվին՝ ծանոթանալու հակակարկտային համակարգի աշխատանքին: Նա ներկայացրեց գյուղացիներին, որ գյուղատնտեսական կոորպորատիվների համար հատուկ պայմաններ են առաջարկել:

«Բացի այդ, բանկերին մենք ասում ենք, որ փողի կեսը տալիս է կառավարությունը՝ ձեր ասած գրավի հարցը լուծելու համար: Մենք քննարկում ենք, որ հողը որպես գրավ բանկերը վերցնեն, դա այդքան էլ պարզ հարց չէ, դեռ պետք է եզրակացության գալ»,-ասաց նա և նշեց, որ 11 ծրագրային վարկ կա:

Գյուղացիները բարձրաձայնեցին, որ տեղեր կան՝ ծիրանի բերքը լավ է, տեղեր կան՝ չկա: «Ծառերը համարյա կոտրվում են, ասում եք՝ բերք չկա: Էս ծառը իմ այցի կապակցությամբ չի սարքվել, չէ՞, բացատրեք ոնց է, որ այս ծառի վրա բերք կա, չորս ծառ էն կողմ՝ չկա»,-ասաց վարչապետը:

Գյուղացիները նաև մշակման խնդիր բարձրացրին, իսկ վարչապետն արձագանքեց. «Գյուղատնտեսության մեջ հեղափոխություն է տեղի ունենում, քանի որ առաջին անգամ է, որ հանդիպումների ժամանակ գյուղացին գիտելիքի և իմացության հարց է բարձրաձայնում, նախկինում նման բան չեմ լսել: Նախկինում, երբ գյուղացուն ասվում էր, որ կարող է այդքան էլ ճիշտ չեք մոտենում հարցին, ասում էին՝ այ քեզ բան, մենք այստեղ հազար տարի ծիրան ենք աճեցրել, դուք եկել եք մեզ ասում եք․․․ Սա ամենակարևորն է, որ գոնե հիմա մենք սկսել ենք արձանագրել, որ մենք գիտելիքի խնդիր ունենք»:

Գյուղացիներից մեկն ասաց, որ կարծում է, թե գյուղացի երիտասարդը պատժված է: «Մեր երիտասարդները, որ ինչ կա, իրենք են ստեղծում, մինիմալ թոշակ են ստանալու, պետությունը ոչ մի ջանք չի թափում դրա վրա»,-ասաց նա, իսկ Նիկոլ Փաշինյանը հակադարձեց և ասաց. «Եթե պետությունը գա ասի՝ ժողովուրդ ջան, այս ծիրանը, որ վաճառում եք, պետք է հաշվարկեք և այդ հաշվառումից ամիսը կենսաթոշակային հիմնադրամ ինչ-որ գումար մուծեք, համաձայնելո՞ւ եք»: