Նիկոլ Փաշինյանի երազանքն է, որ ինչ-որ հեղաշրջման փորձ լինի

Մի մոլորեցրեք Հայաստանի քաղաքացիներին. մենք մարտնչող ապուշներ չենք, հատկապես այս լուսավոր 21-րդ դարաշրջանում

Բոլոր անհասկանալի և անորոշ իրավիճակներում, Նիկոլ Փաշինյանը անուղղակիորեն իր պրոպագանդիստների միջոցով շրջանառության մեջ է դնում հեղաշրջման միֆը։ Նպատակներն ու շարժառիթները շատ պարզ են․
1. Քաղաքացիներին և հատկապես ինտելեկտուալ շրջանակներին շեղել պետության իրական խնդիրներից ու մարտահրավերներից, որոնք են՝ սոցիալ-տնտեսական ճգնաժամը, համաճարակի հետևանքների հաղթահարումն ու բարեփոխումների բացակայությունը։
2. Շանտաժի և մարդկանց հոգեբանորեն ահաբեկելու միջոցով ապահովել արհեստական կոնսոլիդացիա, իբրև թե՝ «ժողովրդի» մեսիային գահընկեց են անում, հասեք, փրկեք, համախմբվեք։
Մոտեցումն այս ոչ այլ ինչ է, եթե ոչ կառավարության ձախողված քաղաքականության դեմ ըմբոստացող և դժգոհող քաղաքացիներին լռեցնելու փորձ։ Ցավոք սրտի, շատ ազնիվ և արժանապատիվ մարդիկ անվերապահորեն հավատում են այս էժան հեքիաթներին։
Ամենայն համոզմունքով պնդում եմ, որ մինչ օրս շրջանառված հեղաշրջման բոլոր միֆերի ճարտարապետները Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցներն են։

Ավելին ասեմ՝ Նիկոլ Փաշինյանի երազանքն է, որ ինչ-որ հեղաշրջման փորձ լինի։ Նա ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ հանրահավաքային ռեժիմից, իսկ օդից ընկած հեղաշրման փորձի ճնշումը վերստին հերոսանալու հիանալի հնարավորություն է։
Սա նաև հրաշալի առիթ է ՀՀ քաղաքացիներին նորից պիտակներ կպցնելու համար, իբրև թե «Պողոսները» լավ չեն աջակցում սրբազան կառավարությանը, այդ իսկ պատճառով հեղաշրջման հրեշը կգա ու «Պողոսներին» կլափի։
Սա էլ է միֆ, քանի որ Փաշինյանի տապալումն այլևս պայմանավորված չէ քաղաքացիների աջակցությամբ։ Հայաստանցիները նրա համար արդեն իսկ ամեն ինչ արել են, գլխների վրա դրած բերել դրել են իշխանության, ԱԺ ու դատարան են շրջափակել, էլ ի՞նչ անեն։

Անշուշտ, եթե Փաշինյանը տապալվի, ապա դրա մեղավորը կլինի կառավարող թիմի ապաշնորհությունն ու տկարությունը։ Մի մոլորեցրեք Հայաստանի քաղաքացիներին. մենք մարտնչող ապուշներ չենք, հատկապես այս լուսավոր 21-րդ դարաշրջանում։

Կարպիս Փաշոյան

Հրապարակ