Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո երկու տարվա ընթացքում ապացուցեց, որ չունի ՀՀ-ի զարգացման վեկտորը, և այդ վեկտորից բխող հայեցակարգերը: Նա պատկերացում չունի՝ ինչ է ուզում, տեսանելի է նրա վարկանիշի կտրուկ անկումը, տեսանելի է, որ կամաց-կամաց այլ լիդերներ են փնտրվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառմանը, համաձայնի որի՝ երկրում վիճակն իրոք վատ է, և «Իմ քայլը» խմբակցությունը կարող է կատարել «իր քայլը»՝ ընտրելով նոր վարչապետ:
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ գաղտնիք չէ, որ «Իմ քայլը» խմբակցությունը տարբեր խմբերի պատահական միավորման արդյունք է, և այդ խմբերը մեկ ղեկավար ունեն՝ վարչապետը, և քանի վարչապետն ուներ իր վարկանիշը, այդ մեխանիզմն աշխատող էր՝ վարչապետն իր վարկանիշով կարողանում էր տարբեր խմբերի միասնական պահել:
«Այդ խմբերը տարբեր շահեր ունեն, և ահա այն պահից սկսած, երբ վարչապետի վարկանիշն սկսում է ընկնել, «Իմ քայլը»-ում սկսում են «ճաքեր» առաջանալ, և խմբերն սկսում են ավելի ինքնուրույն աշխատել: Դա նույնպես բնական է, քանի որ քաղաքական գործիչներից շատերը ցանկանում են ապագան կապել այս կամ այն քաղաքական ուժի հետ, որպեսզի մնան քաղաքականության բեմահարթակին, հակառակ դեպքում՝ եթե ամբողջությամբ կապվեն վարչապետի հետ, վերջինիս վարկանիշի զրոյացման ժամանակ իրենք էլ նրա հետ «զրոյանալու» են: Քաղաքական բեմահարթակում մնալու քայլերից մեկն էլ կարող է լինել նոր վարչապետի ընտրության հարցը»,-ասաց նա՝ նշելով, թե կարող է լինել ժամանակավոր վարչապետ:
«Ընտրությունների ժամանակ անցումային լիդերը տեղը կզիջի նոր ձևավորված վարչապետին, Կառավարությանը, թեև կարող է մնալ քաղաքական թատերաբեմում: Նման սցենարի զարգացումը չի բացառվում»,-հավելեց Բադալյանը:
Նրա խոսքով խոսքով՝ Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո սուպերվարչապետական համակարգը պահպանվեց, և դա մաքսիմալ օգտագործվում է գործող վարչապետի կողմից, բայց, ըստ քաղտեխնոլոգի, մի խնդիր կա այս համակարգի հետ կապված՝ քանի դեռ վարչապետը բարձր վարկանիշ ուներ, այդ համակարգը բավականին արդյունավետ աշխատում էր, բայց երբ վարչապետի վարկանիշն ընկնում է, խնդիրներ են առաջանում:
«Քանի որ այդ համակարգն ավտորիտար է, առնվազն անհրաժեշտ է բարձր հեղինակություն ունեցող ղեկավար, որի համար այդ համակարգը կաշխատի: Բարձր ասելով՝ նկատի չունեմ վստահության 80-90 տոկոս, 50 տոկոսից բարձր վստահությունն էլ բավական է, որ արդյունավետ աշխատի, բայց այն պահից սկսած, երբ գլխավոր անձնիշխանի վարկանիշը սկսում է ընկնել, տվյալ համակարգը սկսում է «ճաքեր» տալ՝ տարբեր ձևերով, տարբեր «մետաստազներով», և սա վերաբերում է ոչ միայն ՀՀ-ին: Կառավարման ավտորիտար համակարգի էությունն էլ այն է, որ այդ հեղինակավոր գործչին պետք է սպասարկի, բայց երբ կամաց-կամաց սկսում է իջնել վարկանիշը, ինչքան թուլանում է կառավարելիությունը, այնքան ճաքերն ավելանում են»,-ասաց նա:
0Comments