Սարգիս Գրիգորյանին տուգանել են 50 հազար դրամով

Եթե դռները չեք բացում, ուրեմն թող խաղի կանոնները նույնը լինեն բոլորի համար

«Եթե նայեք վիդեոները, կտեսնեք, որ ես սոցիալական հեռավորությունը չէի խախտել, զրուցում էի, նույնիսկ իմ ընկերներին ասում էի՝ հեռու-հեռու կանգնեք:  Լավ, ենթադրենք խախտել եմ հեռավորությունը, բա էդ դեպքում ինչի՞ են ոստիկանական մեքենայում 6 հոգի քիփ-քիփ նստած: Օրենքով պետք է տե՞նց լինի: Թող վիդեոները նայեն, եթե խախտել եմ, խախտել եմ, դա ինձ համար առաջնային չէ: Էլ չեմ ասում, որ եկեք ճիշտը խոսենք, էնպես չի, որ 100 տոկոսով այդ աշխատանքը կատարվում է»,-  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց դերասան Սարգիս Գրիգորյանը, ում կատռավարության շենքի մոտից բերման էին ենթարկել ոստիկանության բաժին, ապա ազատ արձակել:

Ոստիկանությունը հայտարարել է, որ 50 հազար դրամով տուգանել է բերման ենթարկվածներին հարցին դերասանը պատասխանեց. «Ինչ ասեմ, պետք է տուգանեին, տուգանել են: Եթե իրենք գտնում են, որ օրենքը պետք է գործի ուրեմն թող էնքան անկեղծ լինեն, որ բոլորի նկատմամբ այդ օրենքը կիրառեն»:

Նա ընդգծեց, որ քաղաքական հարցերի չի ցանկանում պատասխանել, իսկ այն, որ ժամանակին ինքը եւս մասնակցել է հեղափոխությանը, արձագանքեց. «Ես ապրում եմ այսօրով, անցյալն ինձ համար հանգուցյալ թեմա է: Այսօր ես գտնում եմ, որ պրոբլեմ կա, որպես քաղաքացի բարձրաձայնում եմ: Իսկ քաղաքականությամբ թող զբաղվեն քաղաքական գործիչները, լսել քաղաքացիներին եւ հասկանան մի պարզ ճշմարտություն, որ 80 տոկոսը եթե աշխատում է, ուրեմն 20 տոկոսն էլ պետք է աշխատի: Եթե նավը կանգնեց դռները բացվեցին, ուրեմն բոլորը պետք է դուրս գան: Եթե դռները չեք բացում, ուրեմն թող խաղի կանոնները նույնը լինեն բոլորի համար: Եթե 4 ամիս չաշխատեցին այս ոլորտները՝ ռեստորաններ, շոու բիզնես, մինչեւ հաջորդ տարվա ամառ խնդիր է ունենալու: Խոսքը մինչեւ 100 հազար մարդու մասին է: Ուզո՞ւմ եք տնտեսական աճ, այս մարդիկ կարող են բյուջեն փող լցնել: Ես հասկանում եմ, ես չեմ ասում 100-ի տակ աշխատել, բայց գոնե 20-ի տակ առաջ գնալ, ոչ թե կանգնել տեղում»:

Սարգիս Գրիգորյանը տեղեկացրեց, որ հակաճգնաժամային ծրագրով 68 հազար է ստացել. «Ես այդ մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ ես փող չեմ ուզում, ես ուզում եմ աշխատել, իմ քրտինքով վաստակել ու արժանապատիվ ապրել»: