Պուտինի պատասխանը Հայաստանին

ԵԱՏՄ-ում գազի տարանցման միասնական սակագին կարող է լինել միայն միասնական բյուջեի և հարկման համակարգի դեպքում

Եվրասիական տնտեսական միությունում գազի տարանցման միասնական սակագին կարող է սահմանվել միայն միասնական բյուջեի և հարկման համակարգի առկայության դեպքում: Այս մասին մայիսի 19-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բացելով նիստը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին բարձրացրել է ԵԱՏՄ տարածքով գազի փոխադրման սակագնի ձևավորման հարցը:

«Մենք արդեն մի քանի տարի չենք կարողանում վերջնականապես փոխզիջումային լուծման հանգել: Իսկ խնդրի հրատապությունը մշտապես աճում է», - շեշտել է Լուկաշենկոն:

Իր հերթին, տեսակոնֆերանսի ձևաչափով նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկա և գազի միասնական գին ձևավորելու անհրաժեշտության մասին:

«Ինչ վերաբերում է մեր հայ և բելառուս ընկերների` գազի փոխադրման և տարանցման ծառայությունների վերաբերյալ առաջարկած ընդհանուր սակագնին, մենք կարծում ենք, որ միասնական սակագին կարող է լինել միայն միասնական շուկայում, միասնական բյուջեով և միասնական հարկային համակարգով: ԵԱՏՄ-ում ինտեգրման այդպիսի խորը մակարդակի դեռ չենք հասել: Մենք բոլորս դա լավ գիտենք: Իսկ մինչ այդ գազի գները պետք է ձևավորվեն շուկայական պայմանների հիման վրա, հաշվի առնվեն մատակարարների ծախսերն ու ներդրումները, ինչպես նաև ապահովեն արդյունահանման մեջ ներդրված կապիտալի վերադարձի ողջամիտ փոխարժեքը: Սա աշխարհում ընդունված պրակտիկա է»,-ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ գազի տարանցման և փոխադրման սակագների սահմանման հարցը ներառված է մինչև 2025 թվականի Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների նախագծում: Ըստ Պուտինի՝ հարցը պետք է հանվի նախագծից:

«Եթե մեր հայ և բելառուս ընկերների դիրքորոշումը մնա անփոփոխ, ապա, հավանաբար, տրամաբանական կլինի գազին վերաբերող կետը հանել նախագծից` այն հաստատելու համար: Գազի գնի շուրջ քննարկումը կարելի է շարունակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անդամ երկրների փորձագետների մակարդակով»,-ավելացրել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշման հետ այս հարցում համաձայն են Ղազախստանն ու Ղրղզստանը: Այդ դիրքորոշման էությունն այն է, որ գազի գնի շուրջ քննարկումները կարող են տեղի ունենալ ավելի ուշ` ԵԱՏՄ շուկայի ձևավորման վերաբերյալ բանակցություններում:

«Այս բանաձևը դեռևս չեն ընդունում մեր հայ և բելառուս ընկերները, նրանք իրենց տեսակետն ունեն: Եթե նրանք կարողանային համաձայնվել դրա հետ, ռազմավարությունը հաստատելու ճանապարհին այլ խոչընդոտներ չէին մնա»,-եզրափակել է ՌԴ նախագահը: