Նարեկ Մալյանը հրավիրվել է Ոստիկանության 6-րդ վարչություն․ տեսանյութ

Ֆեյսբուքյան էջում վերջնաժամկետ էի ներկայացրել այն մարդկանց, ովքեր զբաղվում են թուրք ներելու քաղաքականությամբ

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի որդին՝ Արսեն Խառատյանը, դեռևս անցած տարի երկու քաղհայցով դիմել էր իմ դեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Նարեկ Մալյանը, ով հրավիրվել է Ոստիկանության 6-րդ վարչություն:

«Ես իմ ֆեյսբուքյան էջում վերջնաժամկետ էի ներկայացրել այն մարդկանց, ովքեր զբաղվում են թուրք ներելու քաղաքականությամբ և ասել էի, որ «մերումանուկ» եմ անելու: Երբ սպառնացել էի այդպես ասելով, չգիտեմ ինչու Խառատյանները իրենց կյանքի համար խիստ անհանգստացել էին և դիմել էին իրավապահ հնարավոր բոլոր մարմիններին»,-ասաց նա:

Նարեկ Մալյանը նշեց, թե իր համար շատ ծանր էր պայքար սկսել ամոբղջ ընտանիքի դեմ: «Փոխանակ հանրությանը հուզող հարցերի պատախսանները ստանանք Խառատյաններից, և նրանք պետք է շահագրգռված լինեն տալու՝ իրենց շատ որոշակի գործողությունների համար, շատ որոշակի ծրագրերով ստացած գումարների համար, նրանք նախընտրեցին այն, ինչ սովորաբար անում են սորոսականները՝ ինձ հետ պայքարի առաջին փուլում: Ես սա մի քանի անգամ անցել եմ տարբեր սորոսականների հետ պայքարում, սա նոր ստրատեգիա չէ և սրան անպայման հաջորդում է հակառակորդի կողմից կապիտուլյացիա, բայց այս անգամ ոչ այնքան հաճելի պայմաններով իրենց համար»,-ասաց նա:

Նարեկ Մալյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Եվրամիության այս տարվա ցավակցական տեքստում բացակայել է «ցեղասպանություն» բառը, ինչը չի եղել նախկինում: «Ստացվում է, որ ինչ-որ մարդկանց գործունեության արդյունքում կարող է էական վնաս հասցվել ոչ թե Ցեղասպանության ճանաչման գործընթացին, այլ առաջին հերթին՝ պահանջատիրության գործոնին: Այո, էական վնաս արդեն հաջողվել է հասցնել Ցեղասպանության պահանջատիրության գործին»,- ասաց նա: