ՀՀ-ն բաժանվելու է 119 շրջանների, որտեղ գործելու են մեկական ոստիկանության և ԱԻՆ աշխատակիցների խմբեր

Տիգրան Ավինյանը ներկայացրեց կորոնավիրուսի դեմ պայքարի՝ շուտով ներդրվող համակարգը

Տեղորոշման համակարգով հայտնաբերել ենք 1938 կոնտակտավոր անձ, համակարգի տված թիվը եղել է 36 հազար, հիվանդի հետ տարված աշխատանքով այդ 36 հազարից ֆիլտրվել են այն անձանց շրջանակը, ում հետ իրապես կոնտակտ է ունեցել հիվանդը: Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխոսնակ Վահե Էնֆիաջյանի հարցին՝ քանի որ, ըստ էության, արդեն հնարավոր չէ վարակի աղբյուրը կամ կապող օղակները հայտնաբերվել, արդյոք հնարավոր չէ՞ հեռախոսների գաղտնալսման համակարգը հանել, քանի որ, կարծես, անիմաստ է դառնում:

«Պարոն Էնֆիաջյան, ոչ թե գաղտնալսման, այլ տեղորոշման համակարգ, որովհետև գաղտնալսման լիազորություն չունի Կառավարությունը, պարետատունը և ցանկություն էլ չունի նմանատիպ լիազորություն ունենալու: Տեղորոշման համակարգի գործունեությունը շատ կարևոր է, որովհետև տեղորոշման համակարգով մենք նաև հետևում ենք ինքնամեկուսացված անձանց ինքնամեկուսացման կանոնների պահպանմանը»,- ասաց նա:

Բացի այդ պարետը տեղեկացրեց, որ շուտով ներդնելու են նոր համակարգ: «ՀՀ-ն բաժանվելու է 119 շրջանների, այդ շրջաններում գործելու են մեկական ոստիկանության և մեկական ԱԻՆ աշխատակիցների խմբեր, որոնք որ ինքնամեկուսացման ցուցում ունեցող անձանց ինքնամեկուսացման փաստը պետք է ստուգեն և համակարգին նույնպես ազդանշան տան: Ինչ վերաբերում է տեղորոշման համակարգին, ուզում եմ տեղեկացնել, որ տեղորոշման համակարգով մենք ունեցել ենք հիվանդի հետ 1938 կոնտակտավոր անձանց տեղորոշում: Համակարգի տված թիվը եղել է 36 հազար, այդ 36 հազարից ֆիլտրվել են հիվանդի հետ աշխատանքով այն անձանց շրջանակը, ում հետ իրապես կոնտակտ է ունեցել հիվանդը: Դա արվել է հեռախոսազանգի միջոցով համաճարակաբանի կողմից: Դա ավելացնում է աշխատանքի էֆեկտիվությունը 20-30 տոկոսով»,- ասաց նա: