Հոգեհանգստի ու թաղման արարողությունների համար առանձին մոտեցում կա․ Ավինյան

Պետք է հաշվի առնենք, որ ապրում ենք համավարակի պայմաններում, և հարսանիքներ այս պայմաններում դժվար է կազմակերպել

Արդեն իսկ հնչած տարբեր կարծիքներից խնդիրն այլ ձևակերպում ստացավ, փաստացի այլ լուծման ենք գնում, ոչ թե հանրային բաց վայրերում պահանջ կդրվի դիմակներ կրելու, այլ առկայության: Այս մասին ԱԺ հատուկ նիստին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն առաջարկեց, որ դիմակները կրելը պարտադիր լինի մայիսի 18-ից, այլ ոչ թե 25-ից, քանի որ տրանսպորտը վերաբացվելու է մայիսի 18-ից: Ավինյանը նշեց, որ պատգամավորի առաջարկը խելամիտ է, և որ հենց այդպես էլ կանեն:

«Կուզնեայի պարզաբանում ստանալ՝ սգո արարողությունների վերաբերյալ, ի՞նչ է թեթևանում, եթե հեռավորությունը պահեն սեղանների, կարո՞ղ են մեծ քանակով հոգեհացի արարողություն անել, թե՞ ոչ»,- հարցրեց պատգամավորը:

«Պարոն Ծառուկյան, ցավոք, ո՛չ, որովհետև հանրային միջոցառումների թվաքանակի սահմանափակումն ուզում եմ նշել, որ նվազեցվել է:

Հենց հոգեհանգստի ու թաղման արարողությունների համար մենք առանձին մոտեցում ունենք, և առանձին որոշակի կարգ է սահմանված, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնենք, որ ապրում ենք համավարակի պայմաններում, և հարսանիքներ այս պայմաններում դժվար է կազմակերպել, որոշակի սահմանափակումներով են նաև կազմակերպվում հոգեհանստի և թաղման արարողոթյունները»,- արձագանքեց պարետը: