Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում՝ Մարությանի և Խառատյանի հաղորդումների մասին

Հանցագործության մասին հաղորդումներ՝ Նարեկ Մալյանի դեմ

ՀՀ Քրեական ոստիկանությունը ստացել է ՀՀ գլխավոր դատախազության հրապարակումը՝  «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի՝ Նարեկ Մալյանի դեմ հանցագործության մասին հաղորդումների հիման վրա:

Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Այո, ստացել ենք, և ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իրենց էջերում հաղորդում էին ներկայացրել հանցագործության մասին` այն հասցեագրելով ՀՀ գլխավոր Դատախազություն՝ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ պետ Է. Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանապետ Ա. Սարգսյանին՝ ընդդեմ Նարեկ Մալյանի:

«Հայտնում եմ, որ Ֆեյսբուքի օգտատեր «Narek Malian»/Նարեկ Մալյանը, 2020 թվականի մայիսի 10-ին ֆեյսբուքյան ստատուս/հայտարարություն է տարածել, որտեղ վերջնագիր է ներկայացրել ստատուսում նշված անձանց՝ ներառյալ իմ՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի, և դստերս՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Արփենիկ Մարությանի հանդեպ, ինչպես նաև կյանքին սպառնալիք ներկայացնող հայտարարություններ է արել։ Կարծում եմ, որ հայտարարության մեջ մեր կյանքերի համար վտանգավոր բռնության իրական սպառնալիք կա։ Խնդրում եմ, օրենքով սահմանված կարգով ընթացք տալ և ապահովել մեր անվտանգությունը։

Հարգանքով՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարության»,- ասվում էր, մասնավորապես, Հարություն Մարությանի հաղորդման մեջ:

Նշենք, որ Նարեկ Մալյանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանին, նրա` Երևանի ավագանու խորհրդի անդամ աղջկան և ազգագրագետ Հրանուշ Խառատյանին «կապիտուլյացիայի» պայմաններ էր առաջադրել:

«Կարճ ասեմ կապիտուլյացիայի ժամկետը և պայմանները.

Ցեղասպանության թանգարանի սորոսական տնօրենի հրաժարական:

Ցեղասպանության թանգարանի սորոսական տնօրենի դստեր` Արփենիկ Մարությանի ավագանուց հրաժարական:

Ցեղասպանության թանգարան հիմնադրամից սորոսական Հրանուշ Խառատյանի հրաժարական:

Թուրք ժողովրդի մեծ բարեկամ Գանդիի արձանի Երևանում տեղադրման չեղարկում:

Պահանջների կատարման ժամկետ 13.05.2020թ»,- ֆեյսբուքյան իր էջում պահանջել էր նա: