Նիկոլ Փաշինյանը մի շարք զորամասեր է այցելել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նա ծանոթացել է զինվորների ծառայության ընթացքին, տիրող իրավիճակին, ներկա գտնվել տարբեր ենթակառուցվածքների բացման հանդիսավոր արարողություններին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին այցելել են պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին, տիրող իրավիճակին, ներկա գտնվել տարբեր ենթակառուցվածքների բացման հանդիսավոր արարողություններին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նույն օրը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներն այցելել են նաեւ տարբեր ֆերմերային տնտեսություններ ու Կարմիր Շուկա բնակավայրում գտնվող ձեթի գործարան եւ ծանոթացել դրանց աշխատանքներին:

Այնուհետև նրանք եղել են ՊԲ զորամասերից մեկում, որտեղ միայն մի քանի օր է, ինչ ներդրվել է սննդի նոր կարգը: Վարչապետը ծանոթացել է զինծառայողներին տրամադրվող սննդի տեսականուն, որակին և ընդգծել, որ նոր սննդակարգի ներդրման գործընթացը զինված ուժերում հաջողությամբ ընթացքի մեջ է: Նիկոլ Փաշինյանը կարևորել է զինված ուժերի, ռազմարդյունաբերության շարունակական զարգացումը և հավելել, որ այդ խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել կաթիլային ոռոգման համակարգով եգիպտացորենի ցանքատարածքներն ու նռան այգիները: Պատասխանատուները վարչապետին մանրամասներ են ներկայացրել կաթիլային ոռոգման համակարգի ներդրման, դրա արդյունավետության և Արցախում այդ համակարգով գործող ցանքատարածքների ու այգիների ընդլայնման ուղղությամբ նախատեսվող ծրագրերի մասին:

ՀՀ կառավարության ղեկավարը ողջունել է Արցախում ժամանակակից գյուղատնտեսության զարգացմանը միտված շարունակական քայլերը և կարևորել կառավարությունների միջև այս ուղղությամբ սերտ համագործակցությունն ու համատեղ միջոցառումների իրականացումը:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում գործող բուսական յուղի արտադրամաս` ծանոթացել վերջինիս գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ արտադրությունը կազմակերպվում է տեղական հումքից` գերմանական ժամանակակից սարքավորումներով: Արտադրանքի ողջ ծավալն իրացվում է Արցախում և Հայաստանում: Ընկերությունն ունի 70-ից ավելի աշխատակից և նախատեսում է ներդրումային նոր ծրագրերի արդյունքում առաջիկայում ընդլայնել գործունեությունը:

Տեսանյութը՝ news.am-ի