Ավինյանի ասածն իրականությանը չի համապատասխանում

Քաղավիացիայի կոմիտեին անպայման «սև ցուցակ» կգցեն, և երկիրն ավիացիոն բիզնեսի համար կդառնա անհետաքրքիր. Հակոբ Ճաղարյան

Նախօրեին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ քաղավիացիայի վերաբերյալ Տիգրան Ավինյանի հայտարարությունները, մեղմ ասած, Կառավարության երկրորդ դեմքի պատասխան չէին։ Նրա ասածը ճշմարտություն չէր պարունակում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։

«ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին մայիսի 12-ին անպայման կգցեն «սև ցուցակ»։ Պատճառը՝ Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) զեկույցում նշված թերությունների քանակը և դրանց ծանրությունն է։ Մինչև իմ հրաժարականը ոչ մի քայլ չի կատարվել, որպեսզի «սև ցուցակում» չհայտնվենք։ Նախորդ տարի և այս տարվա սկզբին իմ արած առաջարկությունները նույնպես չեն կատարվել, բոլոր քայլերը կիսատ են եղել»,- նշեց Հակոբ Ճաղարյանը։

Հիշեցնենք՝ 2020թ. փետրվարի 4-7-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում անցկացրած աուդիտի արդյունքում Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալությունը (EASA) հայկական 2 ավիաընկերությունների զրկել է դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու իրավունքից:

Նախօրեին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը անդրադարձել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի ապագային։ Նա բարձրացրեց հարցը, թե ի՞նչ ակնկալիքներ ու սպասելիքներ ունի ՀՀ կառավարությունը մայիսի 12-14–ը Եվրահանձնաժողովի նիստում նախանշված ՀՀ քաղավիացիայի ոլորտին վերաբերող քննարկումից, որի արդյունքում կարող է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին «սև ցուցակում» գցելու որոշում կայացվել։ Ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ խնդիրը կարգավորվող է՝ անկախ մայիսի 12-ին ընդունվելիք որոշումից․ «Մենք սրա հետ կապված որևէ վնաս չենք կարող կրել»։

Ինչ վերաբերում է եվրոպական շուկան հայկական ավիաընկերությունների համար կորցնելու հարցին, Տիգրան Ավինյանը նշեց․ «Մենք այդ շուկան չունենք այս պահին, որ կորցնենք: Այդ շուկա մտնելու համար նվազագույնը պետք է կարողություն ձևավորենք, նախևառաջ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ու երկրորդ հերթին՝ հայկական ավիացիայի ընկերություններում, որպեսզի կարողանանք եվրոպական ստանդարտներին և առհասարակ՝ միջազգային ստանդարտներին համապատասխանել»:

Հակոբ Ճաղարյանն ի հեճուկս Տիգրան Ավինյանի՝ վստահեցնում է, որ հայկական ավիաընկերությունների կողմից եղել են դեպի Եվրոպա թռիչքներ․ «Նախ «Արմենիա» ավիաընկերությունն արդեն սկսել էր կանոնավոր թռիչքներ կատարել դեպի Լիոն։ Ամառվա սեզոնին նույն ավիաընկերությունը 7 ուղղությունով շաբաթը 10-12 թռիչք էր կատարում, դա լուրջ աշխատանք էր։ Իսկ «Ատլանտիս յուրոփիան էյրվեյզ» ավիաընկերությունը միայն եվրոպական շուկայում էր աշխատում։ Այսինքն, մենք թռիչքներ ամեն դեպքում ունեցել ենք և ոչ քիչ։ Չի համապատասխանում իրականությանը Ավինյանի ասածը, դա շարքային «կրուտիտ» է»։

Հակոբ Ճաղարյանի խոսքով՝ Կառավարությունը պետք է ամեն ինչ անի ռազմավարական նշանակություն ունեցող քաղավիացիա ոլորտի զարգացմանը ոչ միայն չխոչընդոտելու, այլև այն զարգացնելու համար։ Այսօր Հայաստանում, ըստ նրա՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խոչընդոտում է ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա զարգացմանը և ոչ մի բանով չի օգնում դեպի Ռուսաստան զարգացման համար։

«Օրինակ, մեզ մոտ «Արմենիա» և «Ատլանտիս յուրոփիան էյրվեյզ» ավիաընկերություններն աուդիտներն անցած են եղել, ունեցել են դեպի Եվրոպա թռիչքների հավաստագրեր։ Նրանց զրկել են դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու հավաստագրից այն հիմնավորմամբ, որ Հայաստանը՝ որպես շահագործող երկիր, ի վիճակի չէ միջազգային նորմերին համապատասխան օդանավերի թռիչքային պիտանելիության հավաստագրում և թռիչքային անվտանգության վերահսկում իրականացնել։ Փաստորեն, արդեն իսկ թույլտվություն ստացած ավիաընկերություններին զրկել են Եվրոպա թռիչքներ կատարելու իրավունքից մեր երկրի ավիացիոն իշխանությունների ապիկարության պատճառով»,- նշեց վարչապետի նախկին խորհրդականը։

Նրա տեղեկացմամբ՝ նման դեպքերում, երբ EASA-ն պետության ավիացիան իշխանությունների գործունեությանն անվստահություն է հայտնում, առանձին ավիաընկերություններին հնարավորություն է տրվում ինքնուրույն անցնելու աուդիտ։

«Անկախ երկրի ավիացիոն իշխանությունների կարգավիճակից, նորից թռչելու թույլտվություն ստանալու հնարավորություն տրվում է ավիաընկերություններին՝ արտահերթ աուդիտն անցնելուց հետո։ Արդեն ասում են՝ ընկերությանը թողնում ենք, բայց երկրի ավիացիոն իշխանություններին մենք «պրիզնատ» չենք գալիս։ Այսինքն, դեպի Եվրոպա թռիչքներ դեռ կարող են կայանալ, բայց դա արդեն կլինի ոչ թե երկրի ավիացիոն իշխանությունների կամ ընդհանրապես իշխանությունների աշխատանքի արդյունքը, այլ ավիաընկերությունների ավելի ծանր աշխատանքի արդյունքը»,- ասաց Հակոբ Ճաղարյանը։

Հարցին, թե հայկական ավիաշուկայում նոր ավիաընկերություններ ի հայտ գալու հնարավորությունը պահպանվո՞ւմ է, Հակոբ Ճաղարյանը պատասխանեց. «Տեսականորեն կարող են հայտնվել, բայց գործնականում նման պայմաններում երկիրը դառնում է շատ անհետաքրքիր ավիացիոն բիզնեսի համար»: