Ռուսաստանի արտգործնախարարը վերջերս արել է մի շարք ոչ օգտակար հայտարարություններ. Ջորջ Քենթ

Մենք ակտիվորեն ներգրավված ենք գործընթացի մեջ՝ օգնելով կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երկխոսությունը

Թե՛ Ադրբեջանի եւ թե՛ Հայաստանի արտգործնախարարները շատ լավ գիտակցում են այն դրական դերը, որ Միացյալ Նահանգները խաղում է՝ օգնելով շարունակել երկխոսությունը, հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը՝ Գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից կազմակերպված առցանց քննարկման ընթացքում, պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հարցին:

«Մենք ակտիվորեն ներգրավված ենք գործընթացի մեջ՝ օգնելով կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երկխոսությունը, որի հիմքում է խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակը, հիմնվելով Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: Դա ներառում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, սակայն նաեւ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Լեռնային Ղարաբաղի դեպքում այդ սկզբունքները կողմերը տարբեր կերպ են մեկնաբանել»:

Ի պատասխան հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները կիսում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս արված հայտարարությունը ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ, Պետքարտուղարության ներկայացուցիչն ասաց.

«Ես չեմ մեկնաբանելու Ռուսաստանի արտգործնախարարին, ասեմ միայն, որ նա վերջերս արել է մի շարք ոչ օգտակար հայտարարություններ, այդ թվում Դոնբասի իրավիճակի վերաբերյալ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո: Ասեմ միայն, որ Միացյալ Նահանգները խորը ներգրավված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության ընթացքն ապահովելու գործում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: