Ութերորդ միջոցառում․ աջակցության հերթական իմիտացիան․ Հայկ Ֆարմանյան

Ըստ շրջանառվող լուրերի՝ որոշ դեպքերում այս և այլ ծրագրեր մերժվել են՝ պատճառաբանելով, որ մարտ ամսվա շրջանառությունը ավելի մեծ է եղել քան նախորդ ամիսներինը
Հայկ Ֆարմանյան

Շարունակություն․․․ 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԾՐԱԳՐԵՐԻՑ ՄԵԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․

Նախորդ հրապարակումներում անդրադարձել եմ ՀՀ կառավարության կողմից սահմանված՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերից մի քանիսին, որը բնութագրել եմ ոչ այլ ինչ՝ քան աջակցության իմիտացիա․ ներկայացնում եմ խնդրահարույց ծրագրերից հաջորդը․

Ութերորդ միջոցառում․
• Շահառուներն են՝ կոնկրետ ոլորտների (հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ, հանրային սննդի ծառայություններ, զբոսաշրջային ծառայություններ, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ, մանրածախ առևտրի ծառայություններ՝ բացառությամբ սննդամթերք և դեղորայք վաճառողների, երթուղային տրանսպորտ, նախադպրոցական կրթություն, սպորտի բնագավառում գործունեություն, զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն) վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը
• Օժանդակության ձևը՝ միանվագ մեկանգամյա աջակցություն՝ վարձու աշխատողների հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձի 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 136.000 դրամը, եթե աշխատողը աշխատել է լրիվ դրույքով, ապա ոչ պակաս քան 68.000 դրամը։ Անհատ ձեռներեցներին՝ 2019թ-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10%-ի չափով, բայց ոչ ավել քան 136.000 դրամը․

ԱՌԿԱ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՖԻԼՏՐԸ ԿԱՄ ՊԱՅՄԱՆԸ
• Համապատասխան անձինք սույն թվականի մարտի 13-ից 30-ը ընկած ժամանակահատվածում պետք է հանդիսացած լինեն վերը նշված ոլորտների վարձու աշխատողներ

ԱՌԱՋԱՆՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐԸ․

Ա) Նշված ծրագրի շրջանակներում տրամադրվում է միանվագ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ աջակցություն․ ակնհայտ է, որ տուժած ոլորտներից գրեթե բոլորը (որոշ բացառություններով) դեռևս տևական ժամանակ ի վիճակի չեն լինելու աշխատել, հետևաբար ողջամի՞տ է արդյոք մեկանգամյա աջակցությամբ սահմանափակվելը։ Ավելորդ եմ համարում խոսել այն մասին, որ այդ չնչին աջակցությամբ՝ համապատասխան ոլորտների անհատ ձեռնարկատերերը չեն կարողանալու լուծել իրենց՝ նույնիսկ մինիմալ խնդիրները, նույնը վերաբերում է նաև վարձու աշխատողներին։ Սա իր հերթին հուշում է՝ պետական բյուջեից տրամադրված միջոցների ՓՈՇԻԱՑՄԱՆ ԿԱՄ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՎԱՏՆՄԱՆ մասին։ Ի վերջո ի՞նչ է պատրաստվում անել կառավարությունը․ կարծում եմ, որ տուժած ոլորտների աշխատակիցներին կամ անհատ ձեռնարկատերերին մեկանգամյա աջակցություն տրամադրելը, ինչպես մյուս դեպքերում, ոչ այլ ինչ է, քան աջակցության իմիտացիա կամ <<ոչինչ չասող>> ցուցանիշների ապահովման գործիք։

Բ) Ինչպես այլ ծրագրերի շրջանակներում, այնպես էլ այս ծրագրի դեպքում՝ պարզ չէ, թե ի՞նչ տրամաբանությամբ է սահմանված մարտի 13-ից 30-ը ընկած ժամանակահատվածը։ Կարելի է ենթադրել, որ եթե օրինակ, որևէ անձ նշված ժամկետներում հանդիսացել է տուժած ոլորտներից մեկի վարձու աշխատող, սակայն մարտի 30-ից հետո ազատվել է աշխատանքից, ապա կարող է հանդիսանալ այս ծրագրի շահառու․ այս համատեքստում առաջանում է հետևյալ օբյեկտիվ հարցը․ իսկ եթե որևէ անձ հանդիսացել է տուժած ոլորտներից մեկի վարձու աշխատող, ենթադրենք մինչև մարտի 12-ը, ապա դա նշանակու՞մ է արդյոք, որ նմանատիպ անձինք ունեն որևէ առավելություն, որի հետևանքով չեն հանդիսանում այս ծրագրի շահառու, ի վերջո ո՞րն է տրամաբանությունը․․․․․․․։

Գ) Հաշվի առնելով մի շարք անհատ ձեռնարկատերերի ահազանգերը՝ պարզ չէ, թե ինչու տուժած ոլորտների անհատ ձեռնարկատեր հանդիսացող բազմաթիվ անձանց առ այսօր չի տրամադրվել ծրագրով սահմանված՝ 2019թ-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10%-ի չափով աջակցությունը․ անձինք դիմել են սահմանված կարգով և ստացել են ծրագրից օգտվելու մերժում։

Ըստ շրջանառվող լուրերի՝ որոշ դեպքերում այս և այլ ծրագրեր մերժվել են՝ պատճառաբանելով, որ մարտ ամսվա շրջանառությունը ավելի մեծ է եղել քան նախորդ ամիսներինը, մինչդեռ նման ֆիլտր կամ պայման գոյություն չունի կառավարության կողմից սահմանված համապատասխան ծրագրերում։ Ներկայումս մեր կողմից կատարվում են որոշակի ուսումնասիրություններ՝ պատճառները բացահայտելու ուղղությամբ։

Հայկ ՖԱՐՄԱՆՅԱՆ
«Մեկ Հայաստան» կուսակցության Քաղխորհրդի անդամ,
տ․գ․թ․,դոցենտ