Բա վնասարարությունը պոզով-պոչովա՞ լինում. Հակոբ Ճաղարյան

Հայաստանը կզրկվի մոտ 1200 աշխատատեղերից միայն ավիաընկերություններում
Հակոբ Ճաղարյան

Մայիսի 12-14–ը Եվրահանձնաժողովի նիստում արդեն Հայաստանի Հանրապետությանն է սպասում նմանատիպ ցնցուղ։

Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

«Մարտի վերջին հայտնի դարձավ, որ Եվրամիության Ավիացիոն Անվտանգության Գործակալությունը (EASA) 2 հայկական ավիաընկերությունների զրկել է դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու, արդեն իսկ շնորհած իրավունքից:

Պատճառը` Հայաստանը, որպես շահագործողի երկիր, ի վիճակի չէ վերահսկելու օդանավերի թռիչքային պիտանելիության վկայականների հավաստագրման և թռիչքաին անվտանգության գործընթացները, համաձայն միջազգային նորմերի: Գործակալությունը որոշումը կայացրել է այս տարվա փերվարի 4-7ը ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեյում անցկացրած աուդիտի արդյունքներով:

Եվ քանի դեռ ՀՀ ՔԱԿ-ը ուրախանում էր, որ իրենք վերջապես իմացան, թե ինչ բացթողումներ ունեն, EASA-ն զրկեց ավիաընկերություններին թռիչքների իրավունքից, իսկ ՔԱԿ-ին Երամիության ամոթալի «սև ցուցակ»-ում ներառելու գործընթացը փոխանցեց Եվրոհանձնաժողով: Պետական մարմնի հանդեպ կիրառվող պատժամիջոցների որոշումը կայացնում է եվրոպական մարմինը:

Մի խումբ երիտասարդ օդաչուների և ավիացիայի փորձառու մասնագետների հետ, դեռևս նախորդ տարվա վերջին, մշակել ենք մոտալուտ ճգնաժամից դուրս գալու ծրագրեր, և առաջարկել ենք և'ՔԱԿ, և' ՀՀ կառավարություն:

ՔԱԿ-ը, երևի ինչ որ հրաշքի սպասելով, համառորեն համարյա ոչինչ չէր անում: Համարյա, որովհետև Հոլանդիայից հրավիրած մի հոգին ի վիճակի չէր շտկելու դրությունը: Դա թիմային աշխատանքի պահանջ է:

Փաստորեն, ՀՀ ՔԱԿ-ը դեռևս 2019թ. հոկտեմբերից տեղյակ լինելով մոտալուտ ճգնաժամից, մի քանի ամիս` մինչև փետրվարի սկիզբ, զբաղված է եղել դեկորատիվ, իրավիճակին ոչ համարժեք գործողություններով աուդիտին «նախապատրաստվելով»:

Իսկ իրականում` նպատակաուղղված անգործությամբ: Ինչի առաջին արդյունքերն արդեն 2 ավիաընկերություն իրենց վրա զգում են: Իսկ մայիսի 12-14–ը Եվրահանձնաժողովի նիստում արդեն Հայաստանի Հանրապետությանն է սպասում նմանատիպ ցնցուղ:

Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության «սև ցուցակ» գցելը:

Նախ` դա ապտակ է պետությանը: Սա բարոյական կողմը:

Հետո` Հայկական ավիաընկերությունները ստիպված են լինելու արտահերթ աուդիտ անցնել: Դա բավականին ծախսատար է: Եվ այդ աուդիտը անհամեմատ ավելի բարդ է լինելու: Քանի որ նրանք բացի իրենց գործառույթներից, պետք է ապացուցեն նաև, որ միջազգային պահանջներին չհամապախանող ավիացիոն իշխանությունների անպիտանության պարագայում անգամ, ի վիճակի են ինքնուրույն կատարել պետական մարմնի ֆունկցիաները իրենց ավիաընկերության աշխատանքների կազմակերպման բնագավառում:

Սա լավագույն տարբերակն է:

Կա նաև այլ տարբերակ` ավիաընկերությունները բարդություններից խուսափելու համար չեն գնա այդ ճանապարհով: Այլ ուղղակի կդադարեցնեն իրենց գործունեությունը հայկական դրոշի ներքո:

Այդ դեպքում հայկական ավիաշուկայի մոտ 70%-ը գրաված ռուսական ընկերություններն առանց հապաղելու կավելացնեն շուկայում իրենց մասնաբաժինը: Եվ «օգնության ձեռք կմեկնեն» եղբայրական հայ ժողովրդին` կսկսեն թռիչքներ կատարել նաև եվրոպական ուղղություններով: Այդպիսի միջազգային կարգավորում էլ կա (Օդի 5-րդ ազատություն + Չիկագոյի կոնվենցիայի 83bis հոդված):

Եթե առ այսօր դեռ ինչ–որ դիմադրություն կար գոնե փոքրիկ հայկական ավիաընկերությունների կողմից, ապա այսուհետ հայկական ավիաշուկան առանց ավելորդ ճիգերի կդառնա մեր ԵԱՏՄ «գործընկերոջ» սեփականությունը:

Ընդ որում նույն սպասարկման արժեքների տրամադրմամբ, ինչպիսիք սկուտեղի վրա մատուցվեցին «խնամոնց»` օտարերկրյա լոուքոստերներին:

Արդյունքում Հայաստանը բացի իր ինքնիշխանության կարևոր գործիքից, ինչպիսիք սեփական երկրի ավիափոխադրողներն են, կկորցնի ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար միայն մոտակա 3 տարվա տուրքերը չհավաքագրելով:

Ինչպես նաև, համաձայն Boeing և Airbus ընկերությունների հետ առանձին առանձին ունեցած քննարկումների արդյունքում ստացված միևնույն` հայկական ավիափոխադրողներին անհրաժեշտ, 12-15 օդանավի շահագործման չիրականանալու ծրագրից:

Ինչի պատճառով Հայաստանը կզրկվի մոտ 1200 աշխատատեղերից միայն ավիաընկերություններում:

Եվ ևս 2 -3 անգամ ավելի, հարակից ոլորտներում:

Գումարած չհավաքագրած հարկերն ու տուրքերը:

Ինչպես նաև ծառայություննր արտահանելով արտարժույթի ներհոսքի փոխարեն ստանալով հակառակը` ծառայություններ նեմուծելով արտարժույթի արտահոսքը: Ինչը տնտեսական էֆեկտը կդարձնի արդեն 2 անգամ ավելի զգալի:

Բա վնասարարությունը պոզով-պոչովա՞ լինում

Դե, հայտնի բան է` ռուսը որ չլինի` մեզ կուտեն»,– գրել է նա։