Նոր մանրամասներ. ընտիր երեխաներ էին, ինքն էլ կիրթ տղա էր. հարևանները ցնցված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Վերջին անգամ տեսել ենք երեկ, առաջին օրը, երեխաների հետ էր խաղում, խոսել ենք իրար հետ, սակայն վարքագծում որևէ փոփոխություն չենք նկատել». հարևան

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:

Հարևանները ցնցված են, զարմացած են տեղի ունեցածից, ընտանիքը եղել է հանդարտ, տղամարդուն երկու օր առաջ են տեսել դրսում երեխաների հետ զբոսնելիս:

Հարևաններից մեկը News.am-ի հետ զրույցում նշել է, որ նորմալ բարեկիրթ ընտանիք է եղել. «Նա շատ հոգատար հայր էր, թոշակի անցած սպա, շատ սիրում էր իր երեխաներին: Չենք կարող ասել, թե ինչու այսպես եղավ»:

Նա նշել է, որ ընտանիքը վաղուց է ապրում այս շենքում. «Ֆինանսական խնդիրներ չեն ունեցել: Սոցիալական խնդիրներ չեն ունեցել: Ամեն դեպքում մենք չենք տեսել նման բան: Երեխաների հագուկապը, խանութ և այլն: Որևէ խնդիր չեն ունեցել: Իր երեխաներին շատ լավ էր պահում, աշխատում էր»:

Դեպքի մասին ինչ-որ կին է ահագազանգել, ով փուռում է աշխատում. «Հետո մենք ենք իմացել, ձայների վրա արթնացանք, եկանք տեսանք, թե ինչ է եղել»:

«Վերջին անգամ տեսել ենք երեկ, առաջին օրը, երեխաների հետ էր խաղում, խոսել ենք իրար հետ, սակայն վարքագծում որևէ փոփոխություն չենք նկատել»,-ասել է հարևանը:

Հարևանը չգիտի՝ մայրը դեպքի վայրում եղել է, թե՝ ոչ. «Ասում են, որ եղել է, քնած է եղել»:

Նա չի կարող ասել, թե որտեղ է հիմա մայրը. «Ահավոր ա, չգիտեմ ինչ ասեմ»:

Լրատվամիջոցի զրուցակիցն անգամ չի կարող ենթադրել, թե ինչ է կատարվել. «Ալկագոլիկ չի եղել, նարկաման չի եղել, հոգեկան խնդիրներ չի ունեցել: Ինչը կարող է դրդել մարդուն նման բան անել: Չգիտեմ ինչ ասեմ, ցավալի է:

Երեխաները շատ լավն էին, ընտիր երեխաներ էին, մեկը մեկից լավը: Ինքն էլ կիրթ ու բանիմաց մարդ էր, սպա էր ամեն դեպքում: Ծառայել է սահմանապահ զորքերում, թոշակի է անցել ու Ռուսաստանից եկել Հայաստան իր հողի մեջ ապրի»:

Հիշեցնենք, որ այսոօր՝ մայիսի 5-ին, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:

Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կ. Մ-ի, 8-ամյա տղայի և 5-ամյա դստեր դիերը: