Միշուստինն աշխատում է փաստաթղթերով, ակտիվ շփվում գործընկերների հետ

Հինգշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ընթացքում Միշուստինը հայտնել է, որ իր մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, որը վարակվել է կորոնավիրուսով, ունի նորմալ ինքնազգացողություն եւ շարունակում է բուժվել։ Այդ մասին կիրակի լրագրողներին հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Միխայիլ Վլադիմիրովիչի բուժումը շարունակվում է, նա գտնվում է մասնագետների հսկողության տակ,-պատմել է Բելյակովը։-Ինքնազգացողությունն ընդհանուր առմամբ նորմալ է»։ Նա հավելել է, որ վարչապետն աշխատում է փաստաթղթերով եւ գործընկերների հետ ակտիվորեն շփվում հեռախոսակապի միջոցով։

Հինգշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ընթացքում Միշուստինը հայտնել է, որ իր մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։

Վարչապետն ընդգծել է, որ պետք է ինքնամեկուսանա եւ կատարի բժիշկների նշանակումները։ Պուտինը մաղթել է շուտափույթ ապաքինում Միշուստինին եւ խնդրել վարչապետին զանգահարել իրեն հիվանդանոցից։ Միշուստինի հիվանդության ընթացքում վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։