Թիմը ճաքեր է տալիս. Փաշինյանը դեռ կարող է հեռանալ

Մինչդեռ վաղը, երբ նա հասկանա, որ չի կարողանում իր ուժային կառույցների մնացորդացով կարգ հաստատել երկրում, կարող է ամեն ինչ վերջանալ արյունահեղությամբ, այսինքն՝ տգեղ հեղաշրջմամբ

Չգիտեմ ինչ են մտածում կոմպետենտ քաղաքագետները, բայց ինձ թվում է, որ հեղափոխական Հայաստանում իրավիճակը մոտ է գլխիվայր շրջվելուն: Չեմ վարանի նաեւ «հեղաշրջում» բառն օգտագործել, քանզի դժվար է պատկերացնել, որ հեղափոխական իշխանությունը կարող էր ինքնուրույն, այն է՝ սեփական ուժերով իր գլխին այսպիսի փորձանք բերել: Օգնե՞լ են նրան այդ հարցում:

Ո՞վ, ովքե՞ր, ինչո՞ւ: Մեկն ասում է՝ Լավրովն է անում, մյուսը Ռոբերտ Քոչարյանի բանտախուցն է «հեղաշրջման շտաբ» որակում, երրորդը Միքայել Մինասյան-Արթուր Վանեցյան տանդեմի կողմն է նայում, չորրորդը, շառից-փորձանքից հեռու, նախկինների հակահարձակում է համարում տեղի ունեցողը: Անգամ Տիգրան Ավինյանի անունն են տալիս «դավադիրների» մեջ:
Փաշինյանի վերջին լայվն այս հարցի հստակ պատասխանը չտվեց, թեեւ նա մեծ հմտությամբ սլաքներն ուղղում էր ռուսական ձեռնարկությունների կողմը՝ ասելով, որ նրանք կանջատեն լույսն ու գազը, եթե չվճարենք կոմունալները:

Նկատենք, որ հենց այս լայվի ժամանակ Փաշինյանն առաջին անգամ խոսեց իր վարկանիշի անկման մասին, ինչը մեծ ցավով տարավ նրա թիմը, որ երկու տարի շարունակ սովորել էր իր չմտածված քայլերը բացատրել ժողովրդի 70 տոկոսի աջակցության փաստով: Այլեւս չեն կարող 70 տոկոս վստահության մասին խոսել, Փաշինյանը կանխել է այդ անմտությունը, եւ թիմը ճաքեր է տալիս, որ դրսեւորվում է ինչպես կառավարությունում, այնպես էլ Ազգային ժողովում:

Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ կորոնավիրուսը (ճգնաժամը) նաեւ հնարավորություն է զարգացման համար: Համաշխարհային փորձը մինչ այժմ հակառակն է ապացուցել, եւ հավանականությունը մեծ է, որ Նիկոլ Փաշինյանն այս հարցում խիստ սխալվում է: Բանն այն է, որ կորոնավիրուսի համաճարակը հանրությանն առաջին հերթին հարվածում է հոգեբանորեն:

Տնտեսական դժվարությունները մի տեսակ երկրորդ պլանում են, առավել աղոտ, քան, ասենք, մարդու՝ սեփական անձի եւ ընտանիքի անդամների առողջության հետ կապված մտահոգությունը: Հետեւաբար համավարակը, ուզենք թե չուզենք, քաղաքացուն հոգեբանորեն տրամադրում է իշխանությունների դեմ, որոնք, ըստ քաղաքացու, չեն անում կամ չեն կարողանում անել այն, ինչն անհրաժեշտ է համավարակը հաղթահարելու համար:

Պետք է ընդունել, որ պարետատան աշխատանքն այսօր շատ հեռու է բավարար համարվելուց: Կորոնավիրուսի դեմ հաստատ անմիտ SMS-ներով, տեղաշարժման ծիծաղելի թերթիկներով, թվային մանիպուլյացիաներով ու դեմքի կեղծ արտահայտությամբ չեն պայքարում:

Ասվածի ապացույցը Երեւանի փողոցներում առկա խցանումներն են, խանութներում մարդկանց հոծ խմբերի եռուզեռը, կարանտինի պայմաններում հանցագործության մակարդակի աճը եւ այլն: Երեւանի ինտենսիվ երթեւեկության ֆոնին խոսել առավոտյան եւ երեկոյան ժամերին զբոսանքները թույլատրելու մասին, մեղմ ասած՝ ծիծաղելի է:

Ի մի բերելով վերն ասվածը՝ տեսնում ենք, որ ՀՀ գործող իշխանությունների եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի համար նպաստավոր ոչինչ չկա գրեթե: Դա են վկայում նաեւ պրոիշխանական լրատվամիջոցների՝ վերջին օրերի հրապարակումները, որոնցից անհետացել է հեղափոխության օրերի հռետորաբանությունը: Ընդհուպ գրում են, որ Փաշինյանի վարկանիշի նկատելի անկմանն ի հետեւանք, Հայաստանի ներքաղաքական դաշտում կարող են տեղի ունենալ ուժերի վերադասավորումներ:

Նաեւ փորձ է արվում գուշակել, թե որ կողմը կգնա Փաշինյանից հեռացած ընտրազանգվածը՝ դեպի նախկիննե՞րը, թե՞ պարզապես կստվարանա բոլոր քաղաքական ուժերին մերժող հատվածը: Փաշինյանի երբեմնի խոսափողները քաջություն չունեցան արդարացնելու նույնիսկ վարչապետի խոսնակի ֆեյսբուքյան «անգրագետ» գրառումները, որոնք, անկասկած, ծնվել էին Փաշինյանի թելադրանքով:

Ինչի՞ մասին էինք խոսում վերեւում: Հա, իրավիճակի գլխիվայր շրջվելու հնարավորության: Եվ ուրեմն՝ հնարավո՞ր է, արդյոք, հեղաշրջում ստեղծված իրավիճակում: Այս հարցին դրական պատասխանելու համար կա երկու կարեւոր պատճառ:

Առաջին՝ Փաշինյանն իր անլուրջ վերաբերմունքով վտանգել է Արցախի ճակատագիրը եւ, երկրորդ՝ անցել է ռուբիկոնը՝ տրվելով սեփականության վերաբաշխման գայթակղությանը: Նկատենք, որ Փաշինյանը թե՛ առաջին եւ թե՛ երկրորդ դեպքում գնացել է իր խոստումներին հակառակ: Երբ նրան, մինչեւ վարչապետ ընտրելը, ԱԺ-ում հարցաքննում էին, նա վստահեցրեց, որ Արցախի հարցով ՀՀ վարքագծից շեղումներ չեն լինելու եւ ապա՝ խոստացավ, որ վենդետաներ եւ ունեզրկում տեղի չեն ունենալու:

Փաշինյանի լռությունից եւ հարգարժան արտգործնախարարի կմկմոցից այսօր պարզվում է, որ Հայաստանը համաձայնություն է տվել Արցախի հարցի կարգավորման տերպետրոսյանական պարտվողական տարբերակին: Մյուս կողմից էլ՝ առանց դատուդատաստանի աննախադեպ հարձակում է տեղի ունենում մարդկանց ունեցվածքի վրա, իբր ուզում են ապօրինի հարստությունը վերադարձնել պետությանը: Սրանից, ներողություն արտահայտությանս համար, լենինյան «կարմիր տեռորի» հոտ է փչում:

Մի ապօրինությունը շտկել մեկ այլ ապօրինությամբ՝ կրկնակի ապօրինություն է, մանավանդ, երբ ոչ մի երաշխիք չկա, որ Փաշինյանի կառավարությունը խլված գումարները կամ ձեռնարկությունները կվերադարձնի պետությանը: Տառապանքս փորձ ունի... Պոպուլիստների շուրթերին դրանք միայն գեղեցիկ խոսքեր են:

Մինչ օրս ասֆալտին փռելու սպառնալիքով օլիգարխներից «քցած» ոչ մի լումա պետական բյուջե չի մտել եւ քաղաքացուն՝ այդ գումարների լիիրավ տիրոջը, չի հասել: Փոխարենը «օրենքի դաշտ մտած» օլիգարխներից «բռնագրաված» փողերով շփացել են պետական բարձրաստիճան պաշտոնյաներն ու երկու էշի գարի ջոկել չկարողացող պատգամավորները:

Հեղաշրջումը, ով էլ անի, ում էլ անեն, տգեղ երեւույթ է: Բայց կա դրա առավել քաղաքակիրթ տարբերակը, օրինակ՝ «թավշյա հեղաշրջումը», որ ի վիճակի են անելու բացառապես վտանգի գիտակցություն ունեցող իշխանությունները: Նրանք հավաքում են փասափուսաները եւ հեռանում: Փաշինյանն առայժմ ունի այդ հնարավորությունը: Մինչդեռ վաղը, երբ նա հասկանա, որ չի կարողանում իր ուժային կառույցների մնացորդացով կարգ հաստատել երկրում, կարող է ամեն ինչ վերջանալ արյունահեղությամբ, այսինքն՝ տգեղ հեղաշրջմամբ:

Էդիկ Անդրեասյան

Նյութի աղբյուրը՝ hraparak.am