Փաշինյանի խոսնակի հայտարարությունները ստուգվում են. դատախազություն

Մանե Գրիգորյանը մի քանի աղմակահարույց հայտարարություններով էր հանդես եկել, որոնք ինքնին հաղորդում էին հանցագործության մասին

Օրերս վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գրիգորյանը մի քանի աղմակահարույց հայտարարություններով էր հանդես եկել, որոնք ինքնին հաղորդում էին հանցագործության մասին։
Նա մասնավորապես, անդրադարձել էր Գագիկ Խաչատրյանի որդու հայտարարությանը եւ ասել, որ Խաչատրյանները հայաստանյան մի շարք պաշտոնյաների մոտ ցանկություն են հայտնել պետությունից թալանած գումարները հետ տալ:

Այնուհետեւ խոսնակը եւս մեկ հայտարարություն տարածեց, որում անդրադարձել էր նաեւ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյաին։

Դատախազությունից հետաքրքրվեցինք՝ անդրադարձե՞լ են արդյոք վարչապետի խոսնակի հայտարարություններին եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկել։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում միայն նշեց․ «Ներկայումս վարույթում գտնվող որոշ քրեական գործերով նման փաստերի վերաբերյալ առկա տեղեկությունները քրեադատավարական ճանապարհով ստուգվում են: Մ. Մինասյանը մեկ քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ»։

Հիշեցնենք, որ Մանե Գրիգորյանը ԱԱԾ նախկին տնօրենի վերաբերյալ հայտարարել էր․« Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաեւ «Սպայկա» ընկերությունում, «Երեւան մոլում», «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։ Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։ ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինը, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ եւ կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը»։

Նյութի աղբյուրը՝ hraparak.am