Ակնհայտ է, որ նպատակը  ներքին լսարանին հանգստացնելն էր. Մամեդյարովը՝ Մնացականյանի հայտարարության մասին

Հակառակ պարագայում նույն Մնացականյանը մի քանի ժամ անց այդ հայտարարությունից, չէր միանա տեսակապային բանակցություններին

Ադրբեջանն ունի լիակատար իրավունք ցանկացած պահի վերականգնել իր տարածքային ամբողջականությունը՝ բոլոր միջոցներով՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ Minval.az-ին տված հարցազրույցում։

Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ մեկնաբանել է Ղարաբաղյան կարգավորման մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի արած վերջին հայտարարությունը, գնահատել հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները։

Ներկայացնում ենք հատված այդ հարցազրույցից․

Հարց․ Պարոն նախարար, օրերս տեղի են ունեցել Ձեր եւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի բանակցությունները՝ տեսակապի միջոցով։ Իսկ դրանից առաջ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն է հնչել հակամարտության կարգավորման փուլային տարբերակի մասին, որն ընկած է բանակցությունների հիմքում։ Այնուհետեւ հնչել ՀՀ ԱԳ նախարարի հերքումը, որ նրանց այդ պլանը դուր չի գալիս, եւ այդ հիմքով նրանք բանակցություններ չեն վարում։

Արդյունքում այս հայտարարություններն եւ բանակցությունները կտրուկ արձագանքի արժանացան հանրության շրջանում եւ սոցկայքերում։ Շատերի համար հարց առաջացավ, թե որն է իմաստը Հայաստանի հետ բանակցությունները շարունակելու, եթե հրաժարվում են զորքերի դուրս բերման հարցը քննարկելուց։ Եվ եթե ավելի կտրուկ, ապա արդյոք ավելի ճիշտ չէր լինի Մնացականյանի հայտարարությունից հետո հրաժարվել այդ բանակցային «տեսա-ռաունդից»։

Պատասխան․ Միակ տարբերությունն այն է նախորդ բանակցային փուլերի համեմատ, որ ապրիլի քսանմեկին տեղի ունեցած բանակցությունները եղել են հեռահար կազմակերպմամբ։

Հանդիպումը շարունակվել էր նույն ձեւաչափով եւ նույն օրակարգով։ Ադրբեջանական կողմը աջակցում է առարկայական եւ արդյունքի հանգող բանակցությունների հակամարտության կարգավորման համար, եւ միշտ հայտարարել ենք, որ օգտագործելու ենք այն, քանի դեռ խաղաղ կարգավորման հնարավորություն կա։

Սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանն ունի իրավունք, հիմնվելով բարձրագույն օրենքի եւ միջազգային իրավունքի վրա, վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը բոլոր միջոցներով՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես արձանագրված է ՄԱԿ Կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, Փարիզյան Խարտիայի եւ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի մեջ։

Բանակցություններից առաջ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր տեսակետն արտահայտել է հակամարտության փուլային կարգավորման մասին, որը արդեն շատ տարիներ հանդիսանում է աննարկման առարկա եւ հստակ արտացոլվել է համանախագահների հայտարարություններում։

Ի պատասխան, Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ տարածքների վերադարձի հարց չի քննարկվում եւ շոշափել է նաեւ անվտանգության եւ ինքնորոշման սկզբունքների հետ կապված հարցը։

Ակնհայտ է, որ այս ճարտասանական հնարքը գործվել է նպատակ ունենալով հանգստացնել ներքին լսարանին։ Հակառակ պարագայում նույն Մնացականյանը մի քանի ժամ անց այդ հայտարարությունից, չէր միանա տեսակապային բանակցություններին»։

Նյութի աղբյուրը՝ hraparak.am