Ուշքի եկեք, պարոն Փաշինյան

Ասել եմ ու շարունակ ասելու եմ, որ Ձեր ասած նախկիններն այս սահմանի համար խնդիրներ են լուծել՝ խմելու ջրագծի կառուցումից սկսած, վերջացրած գազաֆիկացումով

Նիկոլ Փաշինյան, կարանտինի մեջ գտնվող սահմանապահ գյուղացիների կարիքներն ինչպե՞ս եք պատրաստվում հոգալ:

Օրեր շարունակ զանգեր եմ ստանում բաղանիսցի տասնայկ բնակիչներից, ովքեր նաև իմ համագյուղացիներն են և որոնք նպաստառու չեն, թոշակ չեն ստանում և առանց աշխատանքի տանը մեկուսացված են: Համագյուղացիներս բողոքում են, որ գյուղում համայքապետարանի կողմից հատկացվող օգնություններից չեն օգտվել, քանի որ դպրոց հաճախող երեխա չունեն, կարիքավորների շարքերում չեն: Բայց մի՞թե կրակի տակ ապրելն ու աշխատանք չունենալը բավաական չէ, որ կառավարությունը հաշվի առնի: «Բոլորն էլ ապրել են ուզում, իսկ եթե տանից քայլ անել չի կարելի, ապա ո՞նց ապրենք, պարոն վարչապետ»,- ասում են նրանք:

Ինձ բազմիցս խնդրել են Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքի անձնական էջին իրենց անունից նամակ ուղարկել: Ցավում եմ, որ կան մարդիկ, ովքեր դեռ հավատում են «դուխով» կարգախոսով հանդես եկող մարդու խոսքերին, ով նախկինների անունը շահարկելուց բացի դեռ ոչ մի ծրագիր չի իրականացրել: Ցավն էլ հենց դա է, որ երկիրը շենացնելու տարբերակներ իբր առաջարկողն այսօր զբաղված է սեփական «ես»- ի գովազդով:

Ուշքի եկեք, պարոն Փաշինյան: Այստեղ սահմանապահն է ապրում, իսկ սահմանը Ձեր երկրի դարպասն է: Ուրեմն ինչո՞ւ չեք հիշում, որ սահմանապահ գյուղացին էլ է մարդ, որն ապրել է ուզում: Այստեղ մեքենա ունեցողն էլ, չունեցողն էլ կարիքավոր է, որովհետև ապրում են հարևան երկրի դիտակետում: Ասել եմ ու շարունակ ասելու եմ, որ Ձեր ասած նախկիններն այս սահմանի համար խնդիրներ են լուծել՝ խմելու ջրագծի կառուցումից սկսած, վերջացրած գազաֆիկացումով:

Նախկինների ժամանակ էլ են եղել կարանտինային և պատերազմական օրեր, երբ կրակոցից ու քամուց տների տանիքներ են վնասվել, որը պետությունը փոխհատուցել է: Բնակիչների դիմումներին միշտ ընթացք է տրվել, դրամական օգնություն են ստացել, իսկ դուք ի՞նչ եք արել... Ինձ համար ցավալի է, երբ իմ համագյուղացին, ով ճակատագրով սահմանապահ է, ասում է, որ ինքն իրեն ՀՀ լիարժեք քաղաքացի չի զգում, քանի որ կառավարության կողմից անտեսված է:

Պետության համար սահման պահողն այս դժվարին օրերին չպիտի իրեն անտեսված զգա և ստիպված լինի պարտքով ալյուր ու հաց գնել: Բաղանիսի անունն եմ շեշտում, բայց համոզված եմ, որ նույն վիճակը հարևան մյուս գյուղերում է: Ուշքի եկեք, Ձեր արարքը նման չէ երկրի համար մտահոգ ղեկավարի արարքին:

iravunk.com