Ադրբեջանի ավիացիայի ակտիվ թռիչքներն իրավիճակին սրություն են հաղորդում

Ակտիվություն կա նաև առաջնագծում՝ նոր ինժեներական ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ

Արցախի Հանրապետության նախագահի անվտանգտության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանը։

Նա մասնավորապես նշել է, որ անցնող շաբաթվա ընթացքում կրակոցների թիվը կտրուկ աճել է։

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Պաշտպանության բանակը հրապարակել է ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և մեր դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի զենքերից արձակված կրակոցների թիվը՝ 3500:

Արդեն չեմ հիշում, թե վերջին անգամ ե՞րբ ենք նման մեծ թիվ ունեցել, միանշանակ է, որ անցնող շաբաթվա ընթացքում կրակոցների թիվը կտրուկ աճել է:

Եթե նկատի ունենանք նաև շաբաթվա ընթացքում հակառակորդի ԱԹՍ-ի ակտիվությունն ու դրանցից մեկի՝ մեր ՀՕՊ ուժերի կողմից խոցման միջադեպը, ինչպես նաև՝ հակառակորդի ավիացիայի ակտիվ թռիչքները առաջնագծի մերձակա հատվածներում, ապա Ադրբեջանի ակտիվության ընդհանուր պատկերն առավել խոսուն է դառնում:

Սրան կարելի է ավելացնել նաև Ադրբեջանի ակտիվությունն առաջնագծում՝ նոր ինժեներական ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ, որոնք ևս առկա իրավիճակին սրություն են հաղորդում»: