Չեմ կարող կիսել պարոն Լավրովի պնդումը. Մհեր Գրիգորյան

Օտարերկրյա, այդ թվում` ռուսական կապիտալով ընկերությունները նախևառաջ Հայաստանյան ռեզիդենտ ընկերություններ են, հանդիսանում են գործատու ու հարկատու

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Լուրերի»  հարցին ի պատասխան անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:

Լավրովը նշել էր, որ համաձայնագրերը կնքելու ժամանակ Հայաստանի համար գազի գինը շուկայականից ցածր է եղել: Նաեւ գործընկերության համատեքստում հիշատակել «Հարավկովկասյան երկաթուղում» հնարավոր չարաշահումների առիթով հարուցված քրեական գործը:

Մհեր Գրիգորյանը, մասնավորապես, նշել է.

«Կանդրադառնամ մի քանի կարեւոր մտքերի: Նախ հարկ եմ համարում արձանագրել, որ պարոն Լավրովն իր խոսքում տրամաբանական համարեց գազի գնի հետ կապված հարցադրումը եւ շեշտեց, որ դաշնակիցները պետք է ունենան գնային առավելություններ. ես դա կարեւոր եմ համարում:

Համաձայն եմ, որ համեմատության մեջ սահմանին գազի գինն առանձին ժամանակահատվածներում եղել է շուկայականից ցածր, սակայն չեմ կարող կիսել պարոն Լավրովի այն պնդումը, որ Հայաստանի համար այն երբեւէ եղել է շուկայականից երկու-երեք անգամ ցածր: Հարկ եմ համարում ընդգծել եւս մեկ հանգամանք՝ գազի գնի շուրջ մեր դիմումի առաջնային շարժառիթը եղել է նախեւառաջ սակագնի թանկացման ռուսական կողմի ցանկությունը, ոչ թե էներգակիրների միջազգային գների կտրուկ անկումը: Այսինքն՝ միտքը, որ մենք իրավիճակից ելնելով օգտվում ենք գների անկման հանգամանքից, այնքան էլ տեղին չէ:

Ինչ վերաբերում է ռուսական կապիտալով կամ ընդհանրապես որեւէ օտարերկրյա կապիտալով ընկերությունների գործունեությանը Հայաստանում, ապա մեր Կառավարությունը գործել եւ գործում է տնտեսավարողների համար առավելագույն բարենպաստ պայմանների ապահովման սկզբունքով: Օտարերկրյա, այդ թվում` ռուսական կապիտալով ընկերությունները նախևառաջ Հայաստանյան ռեզիդենտ ընկերություններ են, հանդիսանում են գործատու ու հարկատու, եւ մենք առնվազն ոչ պակաս շահագրգռվածություն ունենք վերջիններիս բնականոն եւ արդյունավետ գործունեության համար ստեղծել եւ ապահովել նպաստավոր պայմաններ:

Միեւնույն ժամանակ, Կառավարությունը չի հանդուրժի, որ որեւէ հանգամանքով պայմանավորված որեւիցե ընկերություն գործի օրենքից դուրս եւ այս մասով ռուսաստանյան մեր գործընկերների հետ կա փոխըմբռնում քաղաքական ամենաբարձր մակարդակով»,- ասել է նա: