Միշուստինը կարծում է, որ ԵՏՄ-ն հասունացել է ինտեգրացիայի առավել բարձր մակարդակ դուրս գալու համար

Նա մասնակցել է ԵՏՄ երկրների նախարարների կաբինետների ղեկավարների հանդիպմանը՝ տեսակապի միջոցով

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությունը հասունացել է ինտեգրացիայի առավել բարձր մակարդակ դուրս գալու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նույնիսկ այն փաստը, որ մենք այսօր քննարկում ենք գազի շուկայի համար կիրառելի սակագների, միջազգային տրանսպորտային փոխադրումների լիբերալացման հարցեր, խոսում է այն մասին, որ մեր միավորումը արդեն հասունացել է ինտեգրացիայի առավել բարձր մակարդակ դուրս գալու համար»,- հայտարարել է ռուսական կառավարության նախագահը։ Նա մասնակցել է ԵՏՄ երկրների նախարարների կաբինետների ղեկավարների հանդիպմանը՝ տեսակապի միջոցով։

Խոսելով ավտոմոբիլային փոխադրումների մասին՝ Միշուստինն ընդգծել է․ «Ելնում ենք նրանից, որ ռազմավարության իրականացմանը զուգընթաց մենք կկարողանանք առաջ շարժվել այդ ուղղությամբ՝ երրորդ երկրների հետ հարաբերություններում ԵՏՄ անդամ-պետությունների միջազգային պարտավորությունների պահպանման հիման վրա»։

«Ղազախստանը առաջարկություն է ներկայացրել միության գազի ընդհանուր շուկայում գնային եւ սակագնային մոտեցումների վերամշակման վերաբերյալ՝ համապատասխան միջազգային պայմանագրի նախապատրաստման շրջանակներում։ Ռուսաստանը, Ղրղզստանը սատարել են այդ առաջարկությունը եւ նախապատրաստել են ընդհանուր խմբագրում, որը կրում է կառուցողական բնույթ եւ ուղղված է անհրաժեշտ փոխզիջման մշակմանը»,- նշել է Միշուստինը։