«Գազպրոմ Արմենիա» ընկերության Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հաշվի առնելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունն առ այն, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում:
«Ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր ավելի վաղ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ բոլոր բնակիչ-բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած։
Սա նշանակում է, որ եթե մինչև ապրիլի 22-ը կոմունալ ծառայությունների դիմաց պարտավորությունը չկատարելու դեպքում տվյալ ծառայությունը մատուցող ընկերությունն իրավունք չուներ դադարեցնել ծառայությունը, քանի որ կար վճարման պարտավարության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր՝ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը, դրա հետևանքով աշխատանքը կորցնելը, կամ հարկադիր պարապուրդի անցնելը և այլն, ապա ապրիլի 22-ից հետո տվյալ ծառայությունը մատուցող ընկերությունն արդեն ունի նման իրավասություն:
0Comments