Լենա Նազարյաններն ու Ալեն Սիմոնյանները պարգևավճար են ստանում, որ շաբաթ-կիրակի բետոն չթափեն

Արդյո՞ք, ըստ իրենց, իրենք տասնապատիկ ավելի արդյունավետ են աշխատել, քան ուսուցիչներն ու բժիշկները, դասախոսներն ու հանրային կամ քաղծառայողները

Աժ պատգամավորների՝ վերջին շրջանում պարգևավճարների մասին արված հայտարարությունների վերաբերյալ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանի հետ:

-ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարել էր, որ նախարարները, փոխնախարարները, պատգամավորները նվիրյալներ չեն, որ ցածր աշխատավարձի դիմաց տարիներով «չարքաշ աշխատեն»։ ԱԺ փոխխոսնակի նման հայտարարությունն այս իրավիճակում հանրային տրամադրությունների վրա ինչպիսի՞ ազդեցություն է գործում:

- ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, արդարացնելով իրենց պարգևավճարները, հայտարարել էր. «Ուզում են նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն։ Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի»: Իսկ հետո, ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին փորձել էր բացատրություն տալ իր այդ խայտառակ խոստովանությանը:

Հիմա ի՞նչ, ստացվում է, որ գիտակցաբար հրաժարվել էին իրենց մի քանի անգամ բարձր աշխատավարձից, որպեսզի իրենց նոր աշխատանքային ոլորտի զարգացման մեջ ներդրում ունենան, բայց չդիմացա՞ն, պաշտոն ստանալուց անմիջապես հետո հասկացան, որ չեն կարող  մոռանալ ընտանիք, վարկ, խնդիրներ և ամիսներով, տարիներով չարքաշ աշխատել, նվիրյալներ լինել: Հասկացան, որ դա չե՞ն կարող անել ու չպիտի՞ անեն:

Կուզեի, որ տիկին փոխնախագահը  հանրությանը բացատրեր, թե ի՞նչ արդյունավետ աշխատանքի համար են այդքան պարգևատրվել: Կուզեի հարցնել, թե արդյո՞ք, ըստ իրենց, իրենք տասնապատիկ ավելի արդյունավետ են աշխատել, քան ուսուցիչներն ու բժիշկները, դասախոսներն ու հանրային կամ քաղծառայողները, որ պարգևատրվել են նրանց աշխատավարձերից տասնապատիկ ավել, և որ ամենակարևորն է, նրանց մուծած հարկերի հաշվին: Իսկ դուք հարցրել ե՞ք 3 միլիոն վարչապետներին, գոհ ե՞ն արդյոք նրանք Ձեր աշխատանքից, բարելավվել են արդյոք նրանց կյանքի պայմանները:

Նրանց պարգևատրության արժանացած աշխատանքի արդյունքում այսօր մենք ունենք պետական ինստիտուտների կազմալուծում, ազգային արժեքների ոտնահարում, Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումներ, ապրիլյան պատերազմի հերոսների հերոսության արժեզրկում, կորոնավիրրուսային համաճարակի մարտահրավերներին դիմակայելու անկարողություն: Այս ամենի նվիրյալնե՞րն եք դուք, դրա համար ե՞ք ուզում պարգևավճարներ ստանալ:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ իր նախընտրական խոստումն է կատարել աշխատավարձերը բարձրացնելու և հավելեց, որ եթե դժգոհ են ժողովրդի կամքն է՝ թող ասեն. «սրանց տարեք Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին հետ բերեք»: Ինչո՞ւ է նման համեմատություն արվում, ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանին հետ բերել, այլ մարդիկ չկա՞ն: Ի՞նչ նպատակ է հետապնդվում նման հայտարարություններով:

- Դա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական մանիպուլյացիա էր: Նա մեջ բերեց 2018թ. Հանրապետության հրապարակում արված իր հայտարարությունից, որտեղ ասում էր, թե «պետական աշխատողների և ոստիկանների աշխատավարձը կբարձրացվի, որպեսզի նրանք շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել», հետո հավելեց. «Սա պարտավորություն է, որը ես ստանձնել եմ Հայաստանի ժողովրդի առաջ»:

Փաստորեն, Լենա Նազարյաններն ու Ալեն Սիմոնյանները ամեն ամիս պարգևավճարներ են ստանում, որ հանկարծ շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել: Իսկ միգուցե իրենց պարագայում բետոն թափելն ավելի արդյունավետ կլիներ և այդ դեպքում ավելի արժանի կլինեին պարգևավճարների: Իսկ Փաշինյանը հարցրել է արդյոք 3 միլիոն վարչապետներին՝ նրանք ո՞րը կնախընտրեին, այդ մարդկանց տեսնել բետոն թափելի՞ս, թե՞ որպես պաշտոնյա՝ ոչինչ չանելիս: 

Փաշինյանը շարունակում է. «Եթե ժողովուրդը մտածում է, որ վատ որոշում է, որ պետական բարձր պաշտոնյաների աշխատավարձը բարձրացվել է, ժողովրդի լեգիտիմ իրավունքն է: Նա կարող է անի նոր հեղափոխություն, մեզ էստեղից քշի, բերի հին ու բարի ժամանակների պաշտոնյաներին, որոնք ցածր աշխատավարձ էին ստանում և լափում էին պետական բյուջեն»:

Այս հայտարարությունն ավելորդ անգամ ապացուցում է, որ օրվա իշխանությունները դեռևս ապրում են անցյալով, դեռևս «Մերժիր Սերժին» կարգավիճակում են: Սա նրանց կողմից մեկ անգամ ևս խոստովանություն է, որ իրենք երկրին նոր բան չունեն առաջարկելու, որ վախենում են, թե իրենց քշելու ժամանակը սարերի հետևում չէ և ձեռքները գցում են փրփուրներին:

Համոզվա՛ծ եղեք, որ այսօրվա իրականացվող պետականաքանդ քաղաքականությունը ապագա չունի: Ամեն օր երկրաչափական պրոգրեսիայով աճում է այդ ամենը չհանդուրժողների թիվը: «Ամեն վատ բան նույնպես իր ավարտն ունի»: