Նիստը դեռ շատ երկար կտևի. Անդրանիկ Քոչարյան

Հիմա 15 րոպե ընդմիջում ենք անում, հետո շարունակենք մեր աշխատանքը

Դեռ շատ երկար կտևի նիստը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե դեռ որքան երկար են հարցեր ուղղելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Պատգամավորների մոտ դեռ հարցեր կան, հարցից հարց է ծնվում: Հիմա 15 րոպե ընդմիջում ենք անում, հետո շարունակենք մեր աշխատանքը»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքն էլ հարցեր ունի, արդյո՞ք տվել է այդ հարցերը, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց, թե Սարգսյանն իրենց չի կարող հարցեր տալ:

«Հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է: Սերժ Սարգսյանը պատասխանում է մեր հարցերին: Իր իրավունքն է՝ պատասխանել, թե չպատասխանել: Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր տեսակետները ներածական, մենք ընդունել ենք և կկցենք մեր վերջնական եզրակացությանը»:

Հարցին՝ եղե՞լ են հարցեր, որոնց Սերժ Սարգսյանը չի պատասխանել, Քոչարյանը պատասխանեց՝ ոչ: