Աֆրիկայում լուրջ միջադեպեր ենք ունեցել. «Տարոնավիան» փակվել է, «Մարսավիան» ևս կարող է փակենք. Ռևազյան

Դա նշանակում է, որ մենք այլեւս չենք ունենալու ընկերություններ, որը թռիչքներ է իրականացնելու Աֆրիկայում

Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանն այսօր՝ ապրիլի 14-ին, ուղիղ տեսակապի ժամանակ ներկայացրեց, թե Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալությունը՝ EASA-ն, ինչ թերություններ է հայտնաբերել Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեում:

«Թերությունները բազմաբնույթ են, մի քանի օրինակ կարող ենք բերել: Մենք պարտավոր էինք ներդնել զեկույցների համակարգ, ինքը կարգավորվում է թե եվրոպական գործակալության, թե ԻԿԱՕ-ի միջոցով: Դրանք դրված չի եղել: Սա թերություն է, որը պետք է շտկվի: Զեկույցներ ներկայացվել են միայն լուրջ միջադեպերի ժամանակ, մինչդեռ պետք է ներկայացվեն յուրաքանչյուր իրադրության ժամանակ:

Բացի այդ, կա ընդհանուր պահանջ, որ իրականացվի մարդ- անհրաժեշտություն-աշխատանք կալկուլացիան, որպեսզի կոմիտեն հասկանա, թե ինչ ծավալի աշխատանք ունի: Ընդհանուր առմամբ աշխատանքը կատարվել է, բայց այն միասնական չի եղել: Խնդիրներից մեկն այն է, որ մոտեցումները եղել են ոչ միասնական: Խոսքը ստանդարտիզացման մասին է: Կան էլի թերություններ»,-ասաց նա:

Իր հերթին Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանն անդրադարձավ հարցին, թե որքան արագ կկարողանաք լուծել խնդիրները. «Այստեղ հիմնականում մտածելակերպի խնդիր է. մենք պետք է կարողանանք մեր ամբողջ պատմությունն արձանագրել, ՔԱԿ-ում ունենալ, թե օրինակ այս կամ այն ավիաընկերությունը 5 տարի առաջ ինչ խնդիր է ունեցել, որովհետեւ կարող է այդ 5 տարվա խնդիրն ազդի այսօրվա խնդրի վրա: Այդ ամբողջ պատմությունը չի հավաքագրվել կամ ամեն մի վարչություն իր համար է արել, մեկ հարթակում չի հավաքվել:

Մենք դրսից մասնագետներ ենք ներգրավել, որոնք եկել են դրսից, մեզ աջակցել են, բացատրել են, թե ինչպես կարող ենք գործառույթները փոխել: Մարդիկ սկսել են ուրիշ ձեւի աշխատել, մտածել»:

Տաթեւիկ Ռեւազյանը ընդգծեց, որ իրենք շատ լուրջ քայլեր են արել իրավիճակը շտկելու համար. «Հիմնական շեշտադրումներից մեկն այն էր, որ ունենք ավիաընկերություններ, որոնք գրանցված են Հայաստանում, բայց չվերթների են իրականացնում տարբեր աֆրիկյան պետություններում:

Իրենք մեզ ասում են, որ եթե չենք կարողանում պատշաճ ստուգումներ անել Հայաստանում, դուք ինչպես եք այդ ստուգումները բավարար մակարդակի անում Աֆրիկայում: Մենք սկսեցինք ստուգել եւ հասկացանք, որ օրինակ, շատ լուրջ խնդիր է, որ մենք որպես ՔԱԿ որեւէ ժամանակահատվածում չենք ունեցել ուղիղ կամ այդ տարբեր պետությունների քաղավիացիաների հետ: Մենք կախված ենք եղել, որ ավիաընկերությունը կազմակերպի այցը, եթե տեսչական ստուգում պետք է անել: Այսինքն 100 տոկոսանոց անկախ ստուգումներ չենք կարողացել իրականացնել:

Հաշվի առնելով, որ իրոք չենք կարող դա պատշաճ անել, մենք կոնկրետ քայլեր ենք արել, որ ավիաընկերությունները չկարողանան գրանցվել Հայաստանում եւ չվերթներ իրականացնեն Աֆրիկայում:

Բայց այսօրվա դրությամբ մենք լուրջ միջադեպեր ենք ունեցել Աֆրիկայում: Կոնկրետ քայլեր ենք արել, որ արտահերթ ստուգումներ իրականացնենք: Դրա արդյունքում «Տարոնավիայի» գործունեությունն է կասեցվել, հետո փակվել: Հիմա «Մարս ավիան» է կասեցվել, եւ եթե մեզ չներկայացնի, որ մայիսի 1-ով թերությունները վերացրել է, ապա այդ ընկերությունն էլ է փակվում: Դա նշանակում է, որ մենք այլեւս չենք ունենալու ընկերություններ, որը թռիչքներ է իրականացնելու Աֆրիկայում:

Սա լուրջ քայլ է մեր կողմից, լուրջ որոշում է եղել: Մենք կարողացել ենք դա անել, որովհետեւ Հոլանդիայից մասնագետ ենք ներգրավել, որը մեր տեսուչներին ուղղություն է տվել, թե ինչ փոփոխություններ պետք է անենք, որ բոլոր խնդիրները նկատենք: Այսօր մեր տեսչական ստուգումների մակարդակը բարձրացել է, բայց դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,-ընդգծեց նա: