Թրամփն ու Պուտինը կրկին զրուցել են

Նախագահները քննարկել են սպառազինության հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է սպառազինության հարցը, գրում է rbc.ru կայքը:

«Դա եղել է մեր խոսակցության կարևոր մասը»,-նշել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ, ապրիլի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել ռազմավարական հարձակողական զինատեսակների թեման:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ խոսակցության հիմնական թեման եղել է Չինաստանն ու նրա սահմանները: Նախագահները քննարկել են նաև Մեքսիկայի հարցն ու նրա մասնակցությունը Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ+)-ի գործարքի կնքմանը:

«Մեքսիկան ծանրակշիռ դեր է խաղում այդ համաձայնագրում: Սա նրա համար բարդ հարց էր, գործարքի կնքումն ամենևին էլ հեշտ չէր, բայց մենք ողջունում ենք Մեքսիկայի ճկունությունն այս հարցում»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը ճեպազրույցի ընթացքում նշել է նաև, որ նավթի արդյունահանման ծավալների կրճատումների վերաբերյալ կնքված համաձայնագիրը պատմական է և այն կօգնի ԱՄՆ-ում նավթագազային ոլորտում աշխատող 11 միլիոն մարդու: