ՕՊԵԿ+-ի երկրները պայմանավորվել են՝ բացառությամբ Մեքսիկայի

Մեքսիկան մայիսին և հունիսին պետք է օրական 100 հազար բարելով նվազեցնի արդյունահանումը
նավթ

ՕՊԵԿ+-ի երկրները ապրիլի 12-ին կայացած արտահերթ նիստում համաձայնեցրել են կազմակերպության անդամ բոլոր 23 երկրների կողմից նավթի արդյունահանման ծավալների կրճատումը: Սակայն ընդհանուր կրճատումը կկազմի ոչ թե օրական 10 մլն բարել, ինչպես ծրագրվում էր, այլ 9,7 մլն բարել, քանի որ Մեքսիկան չի փոխել իր դիրքորոշումը և չի համաձայնել 400 հազար բարելի քվոտային: Այս մասին, ըստ tert.am-ի, ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է բանակցություններին մասնակցած երկու աղբյուր։ Այնուհետև այդ տեղեկությունը սոցցանցերում հաստատել են ՕՊԵԿ-ի մի շարք նախարարներ։

«Այո, պայմանավորվել ենք օրական 9,7 մլն բարելով։ Այս սահմանափակումը կգործի մայիս-հունիս ամիսներին», - ասել է գործակալության զրուցակիցներից մեկը: 

«Ուրբաթի լուսաբացից ընթացող բանակցություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ՕՊԵԿ+ երկրների համար մայիսի 1-ից սկսած օրական մոտավորապես 10 մլն բարելով արդյունահանման ծավալների կրճատման հարցով պատմական համաձայնագրի կնքման մասին»,-Twitter-ում գրել է Քուվեյթի նավթի նախարար Հալեդ ալ Ֆադելը:

Իր հերթին, Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտնել է, որ «Սաուդյան Արաբիան Քուվեյթի և ԱՄԷ-ի հետ որոշել են համաձայնեցված կրճատումներից բացի, ևս 2 մլն բարելով կամավոր նվազեցնել իրենց մատակարարումները»:

Զանգանեի խոսքով ՝ «Մեքսիկան մայիսին և հունիսին պետք է օրական 100 հազար բարելով նվազեցնի արդյունահանումը: Մնացած 300 հազար բարելը Մեքսիկայի փոխարեն խոստացել է կրճատել ԱՄՆ-ն»։

ՕՊԵԿ+ -ի տեսակոնֆերանսն այս շաբաթվա ընթացքում արդեն երրորդն էր։ Ապրիլի 9-ին գործարք կնքել չի հաջողվել Մեքսիկայի անհամաձայնության պատճառով։ Նոր համաձայնագիրը նախատեսում է մայիս-հունիսին նավթի արդյունահանման ծավալների միագումար նվազում օրական 9,7 մլն բարելով, հուլիս-դեկտեմբերին՝ օրական 8 մլն բարելով, 2021-ի հունվարից մինչ 2022-ի ապրիլը՝ օրական 6 մլն բարելով:

Մինչդեռ, Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան օրական արդյունահանումը կկրճատեն 2,5 մլն բարելով՝ նախկին 11 մլն բարելից։

ՕՊԵԿ+ երկրների հաջորդ նիստը տեղի կունենա 2020 թվականի հունիսի 10-ին։