Թու-թու-թու, մենք այս իրավիճակն ունենք․ Հովիկ Աղազարյան

Շատ կարեւոր օրենք էր, նախեւառաջ զգոնացնող փաստ է

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով առաջարկում է մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը, որն ավարտվելու էր ապրիլի 14-ին: Եթե ԱԺ-ն հավանություն տա նախագծին, ապա մինչեւ մայիսի 14-ը կպահպանվի արտակարգ ռեժիմը: Կառավարությունը, պարզվում է, իշխանական օրենսդիրների հետ չի քննարկել երկարաձգման անհրաժեշտության հարցը, այդուհանդերձ, իմքայլական Հովիկ Աղազարյանը վստահեցնում է, որ կա դրա անհրաժեշտությունը:

-Պարոն Աղազարյան, կա՞ արտակարգ ռեժիմը երկարացնելու անհրաժեշտություն, եթե վերջին օրերի դրական վիճակագրության մասին խոսում էր նույնիսկ վարչապետը, իսկ այսօր  առաջարկում են երկարացնել արտակարգ դրությունը:

-Դրական վիճակագրությունն արտակարգ դրության պարետատան եւ կառավարության աշխատանքի ճիշտ ուղի ունենալու մասին է, բայց դա չի նշանակում, որ վտանգն արդեն վերացել է:

-Վտանգը միգուցե ողջ կյանքում էլ չվերանա, առողջապահության նախարարն էլ այսօր հայտարարեց, որ այդ վիրուսը դեռ երկար է ուղեկցելու մեզ, մենք ողջ կյանքներս արտակարգ դրության մե՞ջ ենք ապրելու:

-Մենք միջոցառումները կանենք, կհասկանանք՝ ինչ քայլեր են հարկավոր հավանական օջախները սառեցնելու համար, այն ժամանակ ուրիշ ձեւ կշարունակենք:

-Փաստորեն, հեռախոսներով տեղորոշման օրենքն էլ արդյունավետ չէր, ու իրավիճակը շարունակում է վտանգավոր մնալ:

-Ես հակառակ կարծիքն ունեմ, դա շատ կարեւոր օրենք էր, նախեւառաջ զգոնացնող փաստ է, երկրորդ էլ՝ հստակեցնում է վիրուսակիրների հետ հավանական շփումները:

-Օրինակ Դուք գիտե՞ք, թե քանի մարդ է մեկուսացվել տեղորոշման շնորհիվ:

-Ես չեմ կարող ասել, ես ինֆորմացիայի չեմ տիրապետում:

-Փաստեր չունեք, բայց համոզված եք, որ տվել է իր արդյունքը:

-Իհարկե, քանի որ այդ քայլերի արդյունքում է, որ՝ թու-թու-թու, մենք այս իրավիճակն ունենք: Փառք Աստծո: Ես վստահ եմ, որ որոշ ժամանակ հետո պարետատունն այդ մասին հաշվետվություն կտա:

-Եթե մենք լավ իրավիճակ ունենք, ինչո՞ւ ենք շարունակելու  արտակարգ դրությունը:

-Դե, որպես երեւույթ՝ աշխարհի մասշտաբով դեռ այն նահանջած չէ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում