Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետը, պետի տեղակալը, օպերլիազորը և հետաքննիչը տեղափոխվել են ԱԱԾ

Նախաքննության շահերից ելնելով՝ չի հրապարակվում, թե հարուցված քրեական որ գործի շրջանակում են վաղ առավոտյան իրավապահներն այցելել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ԱԱԾ-ի և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ուղեկցությամբ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Մկրտիչ Վարոսյանը, պետի տեղակալը, օպերլիազորն, ինչպես նաև հետաքննիչը տեղափոխվել են Ազգային անվտանգության ծառայություն:

Այսօր վաղ shamshyan.com-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները այցելել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ մի քանի ժամ ոստիկանության ներքին անվտանգության վարչության գործընկերների հետ քննչական գործողություններ են կատարել, ինչի արդյունքում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքից թուլյլ չեն տվել դուրս գան բաժանմունքի պետը, բաժանմունքի պետի տեղակալը, քրեական հետախուզության խմբի օպերլիազորը:

Նախաքննության շահերից ելնելով՝ չի հրապարակվում, թե հարուցված քրեական որ գործի շրջանակում են վաղ առավոտյան իրավապահներն այցելել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել էին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել էր։

Ըստ աղբյուրի՝ ԱԱԾ ծառայողները չէին թողնում ոստիկանության բաժանմունքի շենքից դուրս գան բաժանմունքի պետը, տեղակալը և քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը։