Ուկրաինացի բժիշկը տուֆտում է․ նա համոզում էր, որ կորոնավիրուսի համաճարակը ֆուֆլո ա

Քանի որ միայն հատուկենտ ինֆոմանյակներ են խորանալու ու թվեր համեմատելու, ապա նման տուֆտությունները շարունակելու են տարածվել՝ համոզելով, որ սաղ սուտ ա, սաղ հնարած ա

Երեկ մի վիդեո տեսա, որում Իսպանիայում աշխատող ուկրաինացի մի բժիշկ (քիթ-կոկորդ, ինչքանով հասկացա) փորձում էր համոզել, որ էդ նոր կորոնավիրուսի համաճարակը ֆուֆլո ա, իրականում հիմա ավելի քիչ են իր հիվանդները, քան նախկինում ու որ 2017–2018 թվականների գրիպի սեզոնի ժամանակ Իսպանիայում 6 ամսում 15000 մարդ է գրիպից մահացել։

Մի խոսքով հին ու բարի «սովորական գրիպից ավելի շատ մարդ է մահանում, քան էս ձեր կորոնավիրուսից, բայց ոչ ոք կարանտին չի անում» քարոզչական թեզը։

Եկեք վերլուծենք իր ասածը...

Նախ՝ «հիմա ավելի քիչ են հիվանդները» պնդման վերաբերյալ։ Իհարկե ավելի քիչ են, որովհետև կարանտինի պատճառով շատ-շատերը հետաձգում են իրենց այցերը բժշկի մոտ։ Կարանտինը վերջանա, սովորական գանգատներով հիվանդների թիվը բազմապատկվելու է։ Ասենք՝ նույն կերպ տարեկան ստուգումների ատամնաբույժի կամ գինեկոլոգի կամ ակնաբույժի մոտ չեն գնում մարդիկ այս օրերին։

Երկրորդը՝ «Իսպանիայում 15 հազարից ավելի մարդ է մահացել 6 ամսում 2017–18 գրիպի ժամանակ»։

Չեմ ստուգում այդ պնդման իսկությունը, քանի որ առանձին հենց Իսպանիայի վերաբերյալ չգտա մահերի վիճակագրություն 2017–18 սեզոնի համար (որն, ի դեպ, ոչ թե 6, այլ 7,5 ամիս է տևել)։

Բայց կա վիճակագրություն կորոնավիրուսից մահացության, եկեք համեմատենք։

Ուրեմն, այս տարվա մարտի 3-ից առ երեկ՝ 1 ամիս 5 օրում Իսպանիայում 14792 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Այսինքն՝ համարյա 15 հազար։ Այսօրվա թարմացումից հետո կլինի 15 հազարից ավելի։

Ընդ որում այսքան մահերը՝ ամբողջ երկրում շատ կոշտ ինքնամեկուսացման, սոցիալական հեռավորություն պահպանելու, պաշտպանական միջոցներ օգտագործելու (ախտահանիչներից մինչև դիմակներ և ձեռնոցներ), պայմաններում։

Ակնհայտ է, որ ուկրաինացի բժիշկը տուֆտում է, բայց քանի որ միայն հատուկենտ ինֆոմանյակներ են խորանալու ու թվեր համեմատելու, ապա նման տուֆտությունները շարունակելու են տարածվել՝ համոզելով, որ սաղ սուտ ա, սաղ հնարած ա։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից