Գաբունիան վիրավորել է հայերին

Այս մեկնաբանությունը հայատյաց է և նպաստում է կարծրատիպերի առաջացմանը էթնիկ հողի վրա

Օրեր առաջ վրացական «Մթավարի» հեռուստաընկերության «Post Factum» հաղորդման հաղորդավար Գիորգի Գաբունիան եթերում հայատյաց հայտարարություն է արել, ինչը Վրաստանում տարբեր կազմակերպությունների կողմից սուր քննադատության է արժանացել։

Բանն այն է, որ վերոնշյալ հաղորդման շրջանակներում ցուցադրվել է «Գեներն ընդդեմ կորոնավիրուսի» խորագրով ռեպորտաժ, որում խոսվել է գենետիկական կոդերի կարևորության և էթնիկ պատկանելիության առավելությունների մասին: Տեսանյութում վրաց գիտնականներն իրենց տեսակետներն են հայտնել, թե հնարավոր է հարցը գենետիկական կոդին է առնչվում, և հենց վրացական գեն կրող մարդիկ են կարողանում ավելի հեշտ հաղթահարել վիրուսը:

Ռեպորտաժի ցուցադրումից հետո Գաբունիան, խոսելով հայերի մասին, հեգնանքով ասել է. «Այն, թե ինչ են մտածում արտասահմանցի գիտնականները մենք գիտենք, նրանց վրացի գործընկերների կարծիքին էլ ծանոթացանք։ Իսկ այժմ ես սպասում եմ հայ գիտնականների եզրակացությանը: Ինձ շատ է հետաքրքրում, թե որ գենետիկական խմբին կպատկանեն մեր հարևանները:Վստահ եմ՝ կպարզվի, որ նրանց ԴՆԹ-ն վրացիներից ավելի ուժեղ է և միանգամից վերացնում է կորոնավիրուսը, նույնիսկ պատվաստման և դեղամիջոցների կարիք չունեն»։

Վրացի հաղոորդավարի այս հայտարարությունները արժանացել են Վրաստանում մի շարք կազմակերպությունների քննադատությանը։ Մասնավորապես վրացական «Ո՛չ ատելությանը» քաղաքացիական պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ նշելով. «Այս մեկնաբանությունը հայատյաց է և նպաստում է կարծրատիպերի առաջացմանը էթնիկ հողի վրա: Ծրագրի հաղորդավարի այսպիսի հայտարարությամբ հեռուստաալիքը խախտել է Հեռարձակման օրենքի 31-րդ հոդվածը։ Հեռարձակողը պետք է զերծ մնա այնպիսի նյութերի հրապարակումներից, որոնք հրահրում են ատելությունից կամ անհանդուրժողականություն`ռասայի, լեզվի, սեռի, կրոնի, քաղաքական պատկանելիության, էթնիկական, աշխարհագրական կամ սոցիալական ծագման հողի վրա»:

regionmonitor