«Խոպանի ճանապարհը» փակվեց ու հայտնի չէ, թե երբ կբացվի

Ի՞նչ պետք է անեն, եթե թռիչքները չվերականգնվեն

Հայտնի է, որ այդ տրանսֆերտների մեծ մասն ապահովում են ժողովրդական լեզվով ասած՝ «խոպանչիները»։

Արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների մեծ մասը Գեղարքունիքի մարզից է՝ Գավառ եւ Մարտունի քաղաքներից ու հարակից համայնքներից։ 

Մեր զրուցակիցը, որը Մարտունու շրջանի Լիճք համայնքից է, արդեն 25 տարի է՝ մեկնում է արտագնա աշխատանքի, որը նրա եկամտի միակ աղբյուրն է։ Նա եւ իր բախտակիցներն այս օրերին փշերի վրա են, քանի որ հայտնի չէ, թե երբ կբացվի «խոպանի ճանապարհը»։ Նա ասաց, որ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնում են հիմնականում դեպի ՌԴ Մոսկվա, Պերմ, Տոմսկ, Կեմերովո քաղաքներ, Ալթայի երկրամաս, Սամարա, Ուֆա, Կրասնոդար, Լիպեցկ, Ուկրաինայի Ռովնո, Ժիտոմիր, Օդեսա, Խերսոն, Նիկոլաեւ, Կիրովոգրադ, Խարկով, Պոլտավա քաղաքներ, քչերը՝ Հունգարիա, Բելառուս, Ղազախստան, ժամանակին եղել են նաեւ Աֆրիկա գնացողներ։ Հիմնական աշխատանքը, ըստ մեր զրուցակցի, ճանապարհաշինությունն է ՝ ասֆալտապատում ու եզրաքարերի տեղադրում։

«Հիմա արդեն պետք է գնացած լինեինք, 5-7 ամիս գտնվում ենք դրսում, այնպես չէ, որ գնում-հավաքում-բերում ենք, լինում է, որ 2-3 ամիս չենք աշխատում, լինում է, որ աշխատածն էլ տալիս ենք ոստիկաններին, որովհետեւ հաճախ գրանցումն ավարտվում է, չենք կարողանում գալ-գնալ, նորից գրանցվել եւ այդքան ժամանակ այնտեղ աշխատում ենք անլեգալ։

Ամսական ամենաշատը բանվորն աշխատում է մոտ հազար դոլար, դա՝ լավագույն դեպքում»։ Ի՞նչ պետք է անեն, եթե թռիչքները չվերականգնվեն, հնարավո՞ր է մնան եւ գյուղի աշխատանքով ապրեն, գյուղում շինարարություն անեն, հող մշակեն՝ հարցրինք մեր զրուցակցին։ «Գյուղում գործը քիչ է, եթե ես ու դու աշխատենք, 3-րդը կմնա գործազուրկ։ Գյուղի աշխատանքն էլ օրվա հացի գումար է, դրանով ոչինչ չես անի, օրվա հացին էլ է հազիվ հերիքում։

Ամեն օր լսում ենք, որ ապրանքներն էլ թանկանալու են, ինչպե՞ս պետք է ապրենք։ Ի՞նչ պետք է մշակես, հողն ի՞նչ է տալիս, որ ինչ մշակես, կարտոֆիլով, ցորեն-գարիով տուն չես պահի, գրեչկան 1000 դրամ է, կարտոֆիլը՝ 100 դրամ, ինչքա՞ն կարտոֆիլ պետք է մշակենք, որ կարողանանք ապրել, հետագայում մի խնդիր էլ դրա իրացնելն է»,- պատասխանեց մեր զրուցակիցը։ 

Նա ասաց, որ եթե 2-3 ամսից էլ թռիչքները վերականգնվեն, մեկ է՝ գնալու է, սակայն կրկին վերադառնալու է աշնանը։ Նրա խոսքով՝ արտերկրում 2 ամիս էլ աշխատի, ավելի գերադասելի է, քան գյուղում մնալը․ «Հա, երբ էլ ճանապարհները բացվեն, կգնամ, տանը մնալով ինձ ո՞վ կկերակրի։ Այնտեղ ավել չեն էլ պահում, մնանք, ի՞նչ անենք»։

Կորյուն Սիմոնյան

hraparak.am