Արցախում որոշել են մեկուսացնել մի ամբողջ գյուղ, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի դեպքը

Գյուղի ամբողջ տարածքը, բոլոր տները կախտահանվեն, գյուղը կապահովվի ամենօրյա պարենամթերքով

Արցախում գրանցված կորոնավիրուսի առաջին ու առայժմ միակ դեպքից հետո Արցախի Հանրապետության իշխանությունները որոշել են տվյալ քաղաքացու բնակության վայրը՝ Միրիկ գյուղն ամբողջությամբ ինքնամեկուսացնել:

Տեղեկությունը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Գյուղի ամբողջ տարածքը, բոլոր տները կախտահանվեն, գյուղը կապահովվի ամենօրյա պարենամթերքով՝ դրանով նվազեցնելով նրանց տնից դուրս գալու անհրաժեշտությունը»,- ասաց նա` նշելով, որ վարակակրի անմիջական շփման շրջանակը 12 հոգի է, բայց հաշվի են առել վարակի տարածման ռիսկը և մեկուսացրել ամբողջ գյուղը, որտեղ 40 ընտանիք է ապրում։