Ինքնաջախջախված տղան. Հայկ Մարության

Ինձ թվում է վաղ թե ուշ Հայկ Մարությանը պետք է գնա, քանի որ, եթե խլենք նրան սեր պարգևող հայելին, ապա մարտնչող տղայի հետքն էլ նույնիսկ չի մնա։ Եվ սա կանխատեսում չէ, այլ գնահատական

Արդեն երեք օր է, ինչ մտածում եմ քաղաքապետ Հայկ Մարությանի մասին։ Իսկապես անհանգստանում եմ այդ մարդու հոգեվիճակի համար։ Երևի թե հենց այս անհանգստությամբ է պայմանավորված, որ այդպես էլ չկարողացա նրա վերջին ելույթի (ուղիղ եթեր) վերաբերյալ մեկնաբանություն կամ էլ վերլուծություն գրել։ Չնայած, որ շատ էի ուզում ու շատ էլ փորձեցի, բայց չստացվեց։ 

Միգուցե ոչ էլ պետք է խորանալ այնպիսի մի թեմայի մեջ, որտեղ խորքային ոչինչ չկա։ Եթե սխալվում եմ, ապա ուղղեք, քաղապետ Մարությանի վերջին ելույթում չկար այնպիսի մի միտք, որը արժանի կլիներ քննարկման կամ էլ քննադատական մոտեցման։ Ընդհանրապես ոչինչ չկար։ Տպավորությունն այնպիսին էր, որ նեղացած ինչ-որ մի տղա հայելու դիմաց կանգնած դժգոհում էր դառը կյանքից ու տառապում չգնահատված լինելու բարդույթից։ 

Եվ եթե տպավորությունն այսպիսին է, ապա էլ ինչի՞ մասին խոսեմ և ինչը քննադատեմ ու վերլուծեմ։ Միակ զգացողությունը, որ կարող եմ արտահայտել, ափսոսանքն է։ Իսկապես ափսոսում եմ, բայց ոչ թե քաղաքապետին, այլ՝ իմ գրիչը, որի միջոցով պաշտպանել և աջակցել եմ նրան։ Երբ բոլորը ծաղրում և հեգնում էին նրա քաղաքապետ դառնալու գաղափարը, ես այս նույն թերթի էջերում մարդկանց համոզում էի, թե «Կարգին Հայկոյից» լավ քաղաքապետ դուրս կգա։ Իսկ հիմա՝ մեկ ու կես տարի անց, էկրանից այն կողմ տեսնում եմ մի մարդու, որը առնվազն պարտվել է հենց ինքն իրեն։ Տեսնում եմ հայելու դիմաց կանգնած մի տղայի, որը հայելուն համոզում է, թե ինքն ամենալավն է, ամենասիրունն է և ամենահանճարեղը, իսկ մնացյալը՝ տականք են ու սրիկա, քանի որ չեն հասկանում իրեն և համարձակվում են անհամաձայնության ակնարկներ անել։ 

Իմ համոզմամբ սա մարդկային ինքնաջախջախման պարզագույն օրինակ է և այսքանից հետո չեմ պատկերացնում, թե ինքնաջախջախվողն ինչպես կարող է հաջողության հասնել Երևանի պես դիվային քաղաքում։ Ի դեպ Մարությանի մարտնչումն այնքան տարերային էր, որ միգուցե հենց ինքն էլ չհասկացավ, որ ինքնաջախջախման հետ զուգընթաց ոչնչացրեց նաև իրեն քաղաքապետ դարձնողին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա մոտավորապես արտաբերեց հետևյալ միտքը․ «Ես եթերներ չեմ մտնում, ես աշխատում եմ»։ Իսկ այդ նույն ընթացքում վարչապետ Փաշինյանն առավոտից իրիկուն ցած չի իջնում եթերներից ու բեմերից։ Ենթադրում եմ, որ վարչապետն, այնուամենայնիվ իր մոտ կհրավիրի քաղաքապետին և բացատրական աշխատանքներ կիրականացնի․ «Հայկ, դու չգիտե՞ս, որ իմ աշխատանքը եթեր մտնելն է, մոռացե՞լ ես, որ մենք այն ենք, ինչ ցույց է տալիս ֆեյսբուքյան լայվը»։ 

Ինձ թվում է վաղ թե ուշ Հայկ Մարությանը պետք է գնա, քանի որ, եթե խլենք նրան սեր պարգևող հայելին, ապա մարտնչող տղայի հետքն էլ նույնիսկ չի մնա։ Եվ սա կանխատեսում չէ, այլ գնահատական։ 

Կարպիս Փաշոյան

Նյութի աղբյուրը՝ hraparak.am