Քաղավիացիայի կոմիտեն չի կարող զրկվել լիցենզիայից, դա նույնն է, որ ասես կառավարությունը զրկվել է լիցենզիայից, քաղավիացիան օտարերկրյա կազմակերպության կողմից չի լիցենզավորվում: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին պատասխանելիս:
«Այո, քաղաքացիական ավիացիայի ոլորտում ունենք պրոբլեմներ, մեր ավիաընկերությունները զրկվել են Եվրոպա չվերթներ կատարելու իրավունքից, և շահարկողներն իզուր են շահարկում: Որ խոսում էի պետական մարմինների սաբոտաժի մասին, սա այդ սաբորտաժի դեպքերից մեկն է»,- ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց՝ Կապանի իր ասուլիսին խոսել է քաղավիացիայի գործունեության մասին. «Կան նախկին պաշտոնյաներ, որոնց գործունեության հետ կապված հիմա քրեական գործ է հարուցվել: Նրանց հանցավոր անփութության պատճառով երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ, զենքերի վաճառքի մեջ: Դա կապ է ունեցել հայաստանյան, ենթադրաբար, կոռումպացված շրջանակների հետ: Այս փաստերի հետ կապված զանգեր են եղել, և քաղավիացիայի պաշտոնյաների կողմից ենթադրվող կոռուպցիոն պատճառներով դրանք թաքցվել են քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանից և կառավարությունից: Այս ամեն ինչի արդյունքում է տեղի ունեցել այս պատմությունը»,- ասաց նա:
Վարչապետը նշեց՝ ամենևին չի տխրում այս իրավիճակից, որովհետև սրանով գիծ կքաշեն և կհասկանան, որ ավիացիոն կառավարման պատկերացումները, որ երկար տարիներ եղել են Հայաստանում, դրանք ուղղակի անընդունելի են. ՀՀ ավիացիան պետք է համապատասխանի ամենաբարձր չափանիշներին:
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ եվրոպական կառույցը մի փոքր կանոններից շեղվել է. «Մայիսին պետք է տեղի ունենար քննարկում, որի արդյունքում կայացվեր որոշումը, բայց անհասկանալի պատճառով այդ որոշումը կայացվել է հիմա, և մեր քաղավիացիայի կոմիտեն հիմա բողոքարկել է, որովհետև այդ պրոբլեմներով մենք սկսել ենք զբաղվել մի քանի ամիս առաջ, որովհետև էդ պետական համակարգի որոշ պաշտոնյաների սաբոտաժի արդյունքում եղել են պաշտոնանկություններ, քրեական գործ է հարուցված. այնպես որ շահարկողները իզուր են շահարկում, որովհետև դա իրենց գործունեությանն է վերաբերում»,- ընդգծեց նա:
0Comments