ՍԱՊԾ-ն տեսուչներ է ուղարկել «Դարոնիկ» և Կիևյանի «ՍԱՍ» սուպերմարկետ

Կորոնավիրուսով են վարակվել նաև «ՍԱՍ» սուպերմարկետի երկու աշխատակիցները

Սննդի անվտանգության պետական ծառայությունը տեսուչներ է ուղարկել «Դարոնիկ»-ի ձեռնարկություն և Կիևյանում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետ:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ՍԱՊԾ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն ասաց, որ երկու վայրերում էլ մարդ են ուղարկել, որոնք կամփոփեն ու կներկայացնեն իրավիճակը, այնուհետև կառույցը հանդես կգա հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ «Դարոնիկ» քաղցրավենիքի ընկերության մենեջերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Կորոնավիրուսով են վարակվել նաև «ՍԱՍ» սուպերմարկետի երկու աշխատակիցները: Հարցին արդյոք խանութի մյուս աշխատակիցները թեստավորվել են, թե ոչ, Անուշ Հարությունյանը նկատեց հարցն իրենց տիրույթում չի գտնվում. «Ինչ վերաբերում է սննդամթերքի արտաքին մասին, ապա պահանջում ենք, որ ախտահանվի: «Դարոնիկ»-ում արդեն կատարվել են ախտահանման աշխատանքներ, բայց մանրամասներին դեռ տեղյակ չեմ»,-ասաց Անուշ Հարությունյանը:

Անդրադառնալով խանութներում հսկողություն իրականացնելուն` Անուշ Հարությունյանն ասաց, որ աշխատակիցները պարբերաբար այցեր են կատարում խանութներ և արտադրամասեր. «Մենք բոլորին ցուցումները տվել ենք և կարծես թե կատարվում են»,-հավելեց Անուշ Հարությունյանը: