Կորոնավիրուսի պատճառով կնվազեցնեն բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը. «ՌԻԱ Նովոստի»

Նա չի հստակեցրել, թե որքան ժամանակով են սառեցվելու աշխատավարձերը և չեղարկվելու պարգևավճարները

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտնել է, որ կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումների թվում ծրագրել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի նվազեցում, ըստ news.am-ի՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Համաձայնություն է ձեռք բերվել այն հարցում, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը նվազեցվելու են, իսկ ամենամյա բոնուսները չեղարկվելու են՝ սկսած տնօրենների տեղակալների պաշտոններից եւ ավարտած հանրապետության նախագահով»,- ասել է Լոպես Օբրադորը Twitter-ում հրապարակված ելույթում: 

Նա չի հստակեցրել, թե որքան ժամանակով են սառեցվելու աշխատավարձերը եւ չեղարկվելու պարգեւավճարները՝ ընդգծելով, որ ազգային զարգացման ծրագիրը, որին կառավարությունը հետեւում է իր ընտրվելու պահից, չի փոփոխվում նավթի շուկայում ճգնաժամի եւ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների պատճառով ու ուղղված է երկրի բնակչության ամենաաղքատ եւ առավել խոցելի շերտերին:

Կառավարությունը հույս ունի, որ սոցիալական ծրագրերը եւ 2020 թվականի արդյունքներով զարգացման ծրագրերը կհասնեն երկրում 22 մլն շահառուների: Բացի կենսաթոշակների, ուսանողական թոշակների եւ հաշմանդամության նպաստների 4 ամսվա համար ժամկետից շուտ վճարումներից, տնտեսության զգալի մասի գործունեության փաստացի դադարեցմամբ պայմանավորված մոտ ժամանակում վարկային աջակցություն կստանան մասնավոր անձինք, փոքր եւ ընտանեկան ձեռնարկությունները: