Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհերի թվի անկում է գրանցվել. The Guardian

Աշխարհում կորոնավիրուսով ախտահարվածների քանակով առաջատար է ԱՄՆ-ն

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակից առավել շատ տուժած մի շարք երկրներում անցած կիրակի նկատվել է օրվա կտրվածքով զոհերի թվի անկում:

Ինչպես tert.am-ի փոխանցմամբ նշում է The Guardian-ը, խոսքն Իտալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի մասին է:

Իտալիայում ապրիլի հինգին գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 525  նոր դեպք, ինչը մարտի 19-ից ի վեր օրվա կտրվածքով ամենացածր ցուցանիշն է: Իսպանիայում գրանցվել է մահվան 674 նոր դեպք, ինչը մարտի 26-ից նվազագույն ցուցանիշն է: Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա անցած կիրակի այստեղ գրանցվել է մահվան 357 նոր դեպք. մինչդեռ դրա նախորդ օրը Covid-19-ի զոհերի օրական թիվը 441 էր:

Ըստ worldometers.info կայքի՝ Իտալիայում գրանցվել է ախտահարման 128 948 դեպք, որից 15 887-ը՝ մահվան ելքով: Իսպանիայում կա 131 646 վարակակիր, գրանցվել է մահվան 12 641 դեպք, իսկ Ֆրանսիայում գրանցվել է վարակման 92 839 դեպք, որից 8078-ը՝ մահվան ելքով:

Աշխարհում կորոնավիրուսով ախտահարվածների քանակով առաջատար է ԱՄՆ-ն: Երկրում գրանցվել է վարակման 336 851 դեպք: Իսկ մահերի քանակով առաջին տեղում Իտալիան է:

Նշենք, որ ամբողջ աշխարհում կա 1 276 117 ախտահարված, գրանցվել է մոտ 70 000 մահվան դեպք: