«Վրաստանն առաջիններից մեկը կլինի, որ կստանա կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը». առողջապահության նախարար. pia.ge

Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 174 է, երկրում հիվանդության հետևանքով գրանցվել է 2 մահ

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ Վրաստանը կդառնա առաջին երկրներից մեկը, որ կստանա կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

Նախարարի խոսքով` Վրաստանի կառավարությունն այս հարցով համագործակցում է և՛ դեղամիջոցն արտադրող ընկերության, և՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:

«Այս հարցով մենք աշխատում ենք և՛ արտադրող ընկերության, և՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Մենք հստակ պայմանավորվածություն ունենք նրանց հետ, որ երբ դեղամիջոցն արտոնագիր ստանա, մենք առաջիններից մեկը կլինենք, որ կստանանք դեղամիջոցը»,-տեղեկացրել է առողջապահության նախարարը:

Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 174 է, երկրում հիվանդության հետևանքով գրանցվել է 2 մահ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 274 325 դեպք, 69 474-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 264 837 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում: