Հայաստանի ավիաընկերություններից վերցրել են դեպի Եվրոպա չվերթների թույլտվությունը. Տաթևիկ Ռևազյանը հաստատել է

«Ես 8 ամսական հղի եմ, իմ ընտանիքը Դանիայում է, և ես որոշել եմ ֆիզարձակուրդն անցկացնել ընտանիքիս հետ». Ռևազյան

Եթե ես ուզենայի կորոնավիրուսից փախչել, ինձ թվում է՝ ես Դանիայից կփախնեի դեպի Հայաստան և ոչ հակառակը. ստեղ վիճակը շատ ավելի վատ է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում  հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Ես 8 ամսական հղի եմ, իմ ընտանիքը Դանիայում է, և ես որոշել եմ ֆիզարձակուրդն անցկացնել ընտանիքիս հետ»,-ասել է նա։

Հիվանդանոցների տեխնիկական հագեցվածության եւ բժիշկների վերաբերմունքի առումով, Տաթևիկ Ռևազյանի կարծիքով, Հայաստանն ավելի շահեկան վիճակում է։   «Երեկ հիվանդանոց եմ գնացել, ընդհանրապես նույն տեխնիկան չունեն, ինչպես Հայաստանում, բժիշկները նույն կերպ ուշադիր չեն, ինչպես Հայաստանում: Ես զուտ ուզել եմ իմ ընտանիքի կողքին լինել, ես սովոր եմ հեռակա աշխատանքի էլ: Ես հիմա պաշտոնապես դեկրետում եմ, բայց ամեն օր կոմպյուտերի առաջ աշխատում եմ»,- ասել է նա:

Դեպի ԵՄ ՀՀ-ում գրանցված ընկերությունների չվերթներն արգելափակող որոշման կապակցությամբ Տաթևիկ Ռևազյանն ասել է, թե մենք պարտավոր ենք մեր խնդիրները լուծել․  «Պարտավոր ենք նոր մտածելակերպով աշխատել, մի քիչ թողնել էս ընկերական միջավայրը, բոլոր հարցերը բանավոր լուծելու սովորությունը»։

Որևէ կառույց չի կարող մեր քաղավիացիային զրկել իր իրավասությունները իրականացնելուց, լիցենզիայից զրկելը իրականության հետ կապ չունի, ասել է Տաթեւիկ Ռեւազյանը:  Ըստ նրա՝ Հայաստանում գրանցված ավիաընկերություններից պարզապես  ժամանակավոր վերցրել են դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու թույլտվությունը:

Նրա խոսքով՝ Հայկական քաղավիացիան  արձագանքելու է Եվրոպայի գործընկերների  դիտարկումներին։ Որոշումը բողոքարկելու են:

Ազգային ավիափոխադրող ունենալու անհրաժեշտության թեմայով, Տաթևիկ Ռևազյանն ասել է, որ այդ կոչումը որևէ ձևով չի փոխում իրավիճակը պետության համար: «Եթե մենք ունենայինք ազգային ավիափոխադրող, որը ֆինասվորեր պետությունը, այս իրավիճակում պետությունը լուրջ գումարներ էր կորցնելու: Իսկ հիմա ավելի սահմանափակ է կորուստը»,-ասել է նա: