Կատուները մլավելու հատկությունը ձեռք են բերել միայն մարդու հետ շփվելու համար. հետազոտություն

Մայր կատուներն իրենց ձագերին սովորեցնում են շփվել մարդկանց հետ, նրանք էլ, իրենց հերթին, ձեռք բերված գիտելիքները փոխանցում են իրենց ձագերին

Կատուները մարդկանց կողքին բնակություն են հաստատել հազարավոր տարիներ առաջ: Եվ, ինչպես պարզվել է, նրանք զուր ժամանակ չեն վատնել: Սանկտ Պետերբուրգի գիտնականներն այն եզրակացության են հանգել, որ միլիոնավոր մարդկանց բեղավոր սիրելիները մլավելու հատկությունը ձեռք են բերել միայն մարդու հետ շփվելու համար, ըստ news.am-ի՝ փոխանցում է Planet-Today-ը:

Մասնագետները պարզել են, որ կատուներն իրար հետ շփվում են բացառապես շարժումների եւ հոտերի լեզվով: Իսկ, ահա, «չհասկացող» մարդկանց համար նրանք ստիպված էին նոր լեզու հորինել, որին նրանք կարող են արձագանքել: Ըստ հետազոտողների` բեղավոր կենդանիներն ուսումնասիրում են իրենց տերերի արձագանքը եւ դրանից որոշակի եզրակացություններ են անում: Իսկ հետո արդեն ձեռք բերված հմտությունները կիրառում են գործնականում:

Ընդ որում, «մանիպուլյացիայի» հմտությունները կատուներին փոխանցվում են ժառանգությամբ: Մայր կատուներն իրենց ձագերին սովորեցնում են շփվել մարդկանց հետ, նրանք էլ, իրենց հերթին, ձեռք բերված գիտելիքները փոխանցում են իրենց ձագերին:

Բացի այդ, հետազոտողները պարզել են, թե ինչու են որձ կատուներն ավելի շփվող, քան էգերը: Ինչպես պարզվել է, էգ կատուներն ավելի պրագմատիկ են եւ փորձում են մլավել միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է: Իսկ, ահա, որձ կատուների մոտ ավելի զարգացած է խոսելու կամ պատկերային մտածողության համար պատասխանատու կիսագունդը, ինչի պատճառով նրանք երբեն ավելի անդադար մլավում են:

Այսինքն, կարելի է եզրակացնել, որ մինչ մարդը փորձում էր ընտելացնել կենդանիներին եւ հասկանալ նրանց լեզուն, կենդանիներն արդեն վաղուց կարողացել են հասկանալ եւ ընտելացնել մարդուն: